Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը

Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ 
խմբակցության որոշումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ միասնական դիրքորոշումը վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածության օգտին:

«Երեկ ՀՀԿ խմբակցությունը հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ելք» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին մենք հարցեր ուղղեցինք՝ պարզելու նրա պատկերացումները Հայաստանի զարգացման և անվտանգության մի շարք ասպարեզներում: Մենք գոհունակություն ենք հայտնում երկրի համար կարևոր հարցերում Նիկոլ Փաշինյանի հետ գործընկերային մթնոլորտում քննարկումներ անցկացնելու հնարավորության համար»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ այսօր էլ քննարկումների ընթացքում ՀՀԿ խմբակցությունն ամբողջացրեց կարծիքը թեկնածուի պատկերացումների վերաբերյալ:

«Հաշվի առնելով քննարկումների արդյունքում ստացած տպավորությունները, գիտակցելով այն կործանարար հետևանքները, որոնք կարող են լինել, եթե մեր երկրի քաղաքական կուրսը շեղվի բազմակողմ հավասարակշռության այն իրավիճակից, որին հասել ենք տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ, հատուկ տեսնելով այն ճակատագրական վտանգները, որոնք անմիջապես առաջանալու են Նիկոլ Փաշինյանի անձին ընտրելու պահից սկսած, ՀՀԿ խմբակցությունը որոշել է հայտարարել հետևյալը. մենք ընդունում և ընդունել ենք ժողովրդական շարժման հաղթանակը՝ Հայաստանում փոփոխությունների նոր փուլ սկսելու ճանապարհին: Մենք համաձայն ենք հնչող քննադատությունների հետ երկրի սոցիալ-տնտեսական, ներքին խնդիրների սպեկտրի և դրանց լուծման առկա հանրային դժգոհության ուղղությամբ նոր քայլերի հստակ անհրաժեշտության վերաբերյալ: Մենք դա ընդունել ենք, հաշվի ենք նստել ժողովրդական շարժման հետ, պատասխանել ենք դրան վարչապետի պաշտոնից մեր կուսակցության ղեկավարի հրաժարականով: Մենք ընդունում ենք, որ ժողովրդական շարժումը կարող է սատարել վարչապետի որևէ թեկնածուի, և մենք համապատասխան քննարկումներից հետո միշտ պատրաստ կլինենք միասնաբար քվեարկելու այդ թեկնածուի օգտին: Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ փորձելով կասեցնել վտանգավոր այն շատ տեսանելի ալիքը, որն արագորեն կծնվի երկրում: Բոլորիդ ցանկանում եմ համբերություն, Աստված պահապան մեր ժողովրդին, Աստված պահապան մեր ազգին»,- եզրափակեց խոսքը ՀՀԿ խմբակցության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]