Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՐԱՏԱՊ. ՀՀԿ-ն դեմ կքվեարկի ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

ՀՐԱՏԱՊ. ՀՀԿ-ն դեմ կքվեարկի ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի 
թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հատուկ նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Քաղաքական գործչի ամենամեծ առաքելությունն այն է, որ ամենածանր իրավիճակներում լինի զգոն ու համբերատար: Այսօր մեր դատին են ներկայացված մեր բանակի, մեր անվտանգության խնդիրները, մեր պետության ճակատագիրը: Հավատացնում եմ ձեզ, որ ուլտիմատումների, շանտաժների, հայհոյանքների միջոցով քաղաքական որոշումներ չեն կայացվելու», -ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իրենք ընդունում ու ընդունել են ժողովրդական շարժման հաղթանակը՝ Հայաստանում փոփոխությունների նոր փուլ սկսելու ճանապարհին:

«Համաձայն ենք հնչող քննադատությունների հետ երկրի սոցիալ-տնտեսական, ներքին խնդիրների սպեկտրի ու դրանց լուծման առկա հանրային դժգոհության ուղղությամբ նոր քայլերի հստակ անհրաժեշտության վերաբերյալ: Մենք դա ընդունել ենք: Մենք հաշվի ենք նստել ժողովրդական շարժման հետ՝ վարչապետի պաշտոնից մեր կուսակցության ղեկավարի հրաժարականով: Մենք ընդունում ենք, որ ժողովրդական շարժումը կարող է սատարել վարչապետի որևէ թեկնածուի, և մենք համապատասխան քննարկումներից հետո միշտ պատրաստ կլինենք միասնաբար քվեարկելու այդ թեկնածուի օգտին: Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ փորձելով կասեցնել վտանգավոր այն շատ տեսանելի ալիքը, որն արագորեն կծնվի երկրում»,-հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: ԱԺ չորս խմբակցություններից երեքը՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք», հայտարարել են Փաշինյանի թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն, սակայն հատուկ նիստում իր ելույթի ժամանակ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու իր որոշման մասին: Վարչապետի ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 պատգամավորի ձայն: ՀՀԿ-ն ունի 58 պատգամավորական մանդատ:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Ազգային ժողովում վարչապետի չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]