Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 5/4. «Չգտնված երիցուկներ», «Ցատկախաղ», «Խատուտիկի գինի» գրքերն ամենավաճառվածների ցանկում են

Երևանյան բեսթսելեր 5/4. «Չգտնված երիցուկներ», «Ցատկախաղ», «Խատուտիկի գինի» 
գրքերն ամենավաճառվածների ցանկում են

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի՝ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ: Նա համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Մյուս ճայերը չեն կիսում Ջոնաթանի հետաքրքրությունը, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել: Բայց ոչինչ չի կարող կանգնեցնել նրան: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և երկրորդն է: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրքի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայկական է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Հերոսն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը ռուսերենից թարգմանել է Հրանտ Քոչարյանը, խմբագրել՝ Հովհաննես Այվազյանը:

Երրորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Մեր աղյուսակ է վերադարձել և չորրորդ հորիզոնականում հայտնվել Խուլիո Կորտասարի «Ցատկախաղը» ստեղծագործությունը: Այն ձևով և բովանդակությամբ հրապուրիչ, բազմաշերտ խաղ է, որի կանոններն ընտրում է ընթերցողը: Վեպի առանցքում մի «ուրիշ» բանի` կենտրոնի փնտրտուքն է, որը ծավալվում է Օլիվեյրայի և Մագայի սիրային հարաբերության, «Օձի ակումբի» ընթերցումների, քննարկումների ու վեճերի, գրող Մորելիի գործերի վերծանման ու մեկնաբանման, ջազին նվիրված երեկոների, փարիզյան դեգերումների ու հայտնագործումների շուրջ՝ միահյուսվելով Օլիվեյրայի բուենոսայրեսյան կյանքին: Թարգմանել է Ալիս Տեր-Ղևոնդյանը:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը զիջել է դիրքերը և հինգերորդն է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է։

Վեցերորդ հորիզոնականում է Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» գիրքը, որը յոթերորդ տեղում է,  աշխարհի սիրով լցված կենսահաստատ զգացողության մասին է, բայց նաև մարդկային կյանքի ուղու, բնության տոնահանդեսի փառաբանության, որ հակասության մեջ է նյութական գոյության սուղ պայմանների հետ: Ամենուր գրողին համակած և ընթերցողին վարակող մեծազոր, խանդավառ ու լավատեսական հույսը, որ ցավեցնող ու բուժիչ հումորի չափաբաժիններով լուսաճառագում է մարդկային ինքնագիտակցության խորշերում, համեմված է հոգեբանական մանր ու մեծ գյուտերի, տիեզերական մերձակցության և ստեղծագործական շնորհի հայտնութենական դրսևորումներով: Գերմաներենից թարգմանությունը և վերջաբանը՝ Աշոտ Ալեքսանյանի:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը» ութերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը վերադարձել է մեր ցանկ և իններորդ հորիզոնականում է: Այն  պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, խմբագրել է Լուսինե Համբարյանը:

Ամենավաճառված գրքերի աղյուսակն այս անգամ եզրափակում է «Խատուտիկի գինի» գիրքը: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 14
2 -1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 12
3 -1

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 9
4 *

Խուլիո Կորտասար

«Ցատկախաղ»

Անտարես 7
5 -1

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

Հեղինակային հրատ. 6
6 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 6
7 *

Ռոբերտ Վալզեր

«Զբոսանք»

Անտարես 6
8 0

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 5
9 *

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Երեք ընկեր»

Էդիթ Պրինտ 5
10 *

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի»

Անտարես 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]