Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը Ժնևում ոգեկոչել են սրբադասված նահատակների բարեխոսության կարգով


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում ապրիլի 24-ին մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ելույթով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու շվեյցարական թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, Շվեյցարիահայոց միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը:

Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ անցած հարյուր երեք տարիները մեր ժողովրդի համար եղել են չսպիացած, արնածոր վերքի, մաքառումների, գոյամարտի, բայց նաև՝ հանուն հիշողության իրավունքի, հանուն այդ ոճիրի միջազգային ճանաչման և դատապարտման պայքարի տարիներ: Նա նշեց նաև, որ մի քանի տասնյակ երկրների և միջազգային կառույցների, այդ թվում՝ Շվեյցարիայի ազգային խորհրդի և Ժնևի Մեծ խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, մեր ժողովրդի մի քանի սերունդների բազմահազար զավակների կողմից մղված այդ պայքարի կարևոր արդյունքն է:

Տասն օր առաջ՝ ապրիլի 13-ին Ժնևի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող վեհաշուք Հիշատակի լապտերների տեղադրումը նույնպես կարևոր խորհրդանիշ է արդարության և հիշողության հաղթանակի ճանապարհին: Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային լիակատար ճանաչումը ոչ միայն հիշողության տուրք է մեկուկես միլիոն անշիրիմ նահատակների հիշատակին, այլև երաշխիքն է մեր հայրենիքի և ժողովրդի անվտանգ ներկայի և ապագայի:

Նա շեշտեց նաև, որ Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշողության լավագույն տուրքը մեր վերածնված ժողովուրդն է՝ միասնական՝ ապագայի իր իղձերով ու նպատակներով, խաղաղ, ապահով, զարգացած և հզոր Հայրենիքի կերտմանը բերած հավաքական ջանքերով»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ