Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Գործադրվում են առավելագույն ջանքեր ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար. ՄԻՊ

Գործադրվում են առավելագույն ջանքեր ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտակարգ ռեժիմով աշխատանքի պայմաններում գործադրվում են ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումն ու պաշտպանությունն ապահովելուն ուղղված առավելագույն ջանքեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Ոստիկանությունն ու այլ պետական մարմիններ պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների իրավունքի լիարժեք իրացումը՝ բացառելով իրավունքի որևէ տեսակի խախտում:

Խնդրում եմ նկատի ունենալ, որ քաղաքացիների իրավունքների արդյունավետ իրականացման տեսանկյունից խնդրահարույց են իրավասու մարմինների կողմից իրենց գործառույթների կատարման դժվարությունները կամ խոչընդոտները:

Մտահոգիչ է այն, որ փակված վիճակում են երկրի համար կենսական կարևորության ճանապարհներ:

Հանրային իշխանության բոլոր ներկայացուցիչներից, ում աշխատանքն այս բարդ օրերին կապված է պետության կենսական կարևորության գործառույթների, մարդկանց պաշտպանվածության ու անվտանգության հետ, պահանջում եմ լինել խիստ զգոն և օրենքով սահմանված պարտականություններ կատարել  լիարժեք. դուք կոչված եք ձեր կարևոր աշխատանքով երաշխավորելու ինչպես ցուցարարների, այնպես էլ մյուս քաղաքացիների իրավունքները:

Ստեղծված պայմաններում բոլորիս պարտքն է անհապաղ գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

Ուստի, կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ցուցաբերել հանդուրժողականություն ու պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ մարդու իրավունքների խախտումներին և անհամաչափ սահմանափակումներին նպաստող գործողություններից:

Խնդրում եմ լրագրողներին շարունակել ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը»,- ասվում է ՀՀ ՄԻՊ հայտարարության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ