Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական եւ 
արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտարարելով, որ ապրիլի 25-ից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից: Հայտարարության մեջ ասվում է. 

«Սիրելի հայրենակիցներ, 

Երեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսեւորելով ազգային համերաշխության եւ միասնության օրինակ:

Այսօր նույնպես, առավել քան երբեւէ, մենք պետք է լինենք միասնական եւ համախումբ:

Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման եւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ եւ կշռադատված լուծումներ գտնել:

Այդ իմաստով չափազանց կարեւոր է կողմերի միջեւ երկխոսության մեկնարկը: Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններին եւ արտահայտված դիրքորոշումներին:

Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են:

Երկիրը եւ մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջեւ:

Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]