Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը հուլիսի 1-ից կունենա նոր ղեկավար

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը հուլիսի 1-ից կունենա նոր 
ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության հաջորդ ղեկավարը կլինի կանադահայ Հարութ Շիթիլյանը, ով պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ներկայիս ղեկավար Արման Ջիլավյանը: «Երեք տարի պատիվ ու երջանկություն ունեի ղեկավարելու այս ծրագիրը: Ռուբեն Վարդանյանն ու IDeA հիմնադրամը նոր մտքեր ունեն, այդ ծրագրերից մեկով պետք է զբաղվեմ՝ օգտագործելով այն փորձը, որ կուտակել եմ «Ավրորա»-ի շնորհիվ»,-ասաց Արման Ջիլավյանը:

Նախաձեռնության ապագա ղեկավար Հարութ Շիթիլյանը նշեց, Կանադայում ութ տարի շարունակ գործունեություն է ծավալել քաղաքական ոլորտում: «Այս տարիներին ունեցել եմ հազարին մոտ մամուլի հետ հանդիպումներ, հայտարարություններ, որոնց 99.99 տոկոսը եղել է օտար լեզվով, ինձ համար այսօր հատկանշական է թե պաշտոնի ստանձնման, թե Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի, թե այն առումով, որ այսօր ներկայացրինք այս տարվա հերոսներին ու նաև, որ գտնվում եմ իմ հայրենիքում: Այո, Կանադան իմ ներկա տունն է, բայց ես ունեմ մի հայրենիք և այս հայրենիքի մեջ ունենում եմ իմ առաջին մամուլի ասուլիսը»,-նշեց Հարութ Շիթիլյանը:

Նա նկատեց, որ այս ծրագրի մեջ իրեն ոգեշնչում է երեք կարևոր ասպեկտ: Առաջինն այն է, որ 100 տարի սուգի մասին խոսելուց հետո որոշվեց 101-րդ տարելիցից հետո  փոխել մոտեցումը Հայոց ցեղասպանության հանդեպ ու դառնալ աշխարհի այն ժողովուրդը, որ օգնության է հասնում ուրիշներին: «Երկրորդը քաղաքական կյանքում և դրանից դուրս երկու ձև կա կյանքին մոտենալու, որը Չերչիլն էր ասում: Կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն հզոր ու ճանաչված դառնալու, երկրորդ մոտեցումն այն է, որ քո աշխատանքն է դառնում քո հզորությունը: Ռուբենը, Նուբարը, Վարդանն ու ամբողջ խումբը կյանքին մոտենում են երկրորդ ձևով: Երրորդն էլ այն է, որ աշխարհի սահմաններն այլևս մեկ երկրի սահմանները չեն, այլ այնտեղ են, որտեղ դուք եք որոշում, որ դրանք գտնվեն: Աշխարհի քաղաքացիների միջև ամենօրյա մրցույթ կա առաջարկել գաղափարներ, փոխանցել զգացմունքներ ու առաջ բերել դրական ապագայի ծրագրեր: Այս աշխատանքն իմ ու մեր խմբի համար միջոց է մշակելու հարաբերություններ հայ ժողովրդի համար ու կառուցելու ապագա»,-ասաց պաշտոնյան:

Հարութ Շիթիլյանը վստահեցրեց, որ այս ծրագրի, թեև միջազգային է, բայց մշտապես իր արմատները գցելու է Հայաստանում:

«Ավրորա»-ն համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որը տրվում է մարդկային կյանքը փրկելու և մարդասիրական գործունեությունն ամրապնդելու գործում բացառիկ ազդեցության համար: Մրցանակի դափնեկիրը 1 միլիոն դոլարի դրամաշնորհը տրամադրում է կազմակերպությունների, որոնք ոգեշնչել եւ նպաստել են իր գործունեությանը: Այս նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ վերապրածների ժառանգների կողմից, որոնք ցանկանում են երախտագիտությունն արտահայտել գործով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ