Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Չեխիան հայ ազգի հետ սգում է ապրիլի 24-ը. Պետր Միկիսկա  


ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան հուսով է, որ Թուրքիան մի օր կընդունի պատմական փաստը: Դեսպանն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը:

«Օրը կարեւոր է ոչ միայն հայերի, այլեւ ողջ մարդկության համար, որովհետեւ մենք բոլորս պետք է հիշենք հայ ազգի ողբերգությունը: Միգուցե մի քիչ տարօրինակ հնչի, բայց ես ուրախ եմ, որ իմ երկիրը նախորդ տարի ճանաչեց  Ցեղասպանությունը: Մենք   այն երկրների շարքում ենք, որոնք հայ ազգի հետ սգում են այս օրը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանը 2017թ. ապրիլի 25-ին կայացած նիստում ձայների 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ (96-ը չի քվեարկել) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, եւ կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում եւ վեճերի լուծումը խաղաղ միջոցներով։ 

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, նաև հետեւյալ երկրները. Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 48 նահանգներ:

Նիդերլանդները Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել 2018թ. փետրվարի 22-ին և պարտավորեցրել կառավարության ներկայացուցչին ամեն 5 տարին մեկ այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Առաջին պաշտոնյան՝ Նիդեռլանդների ֆինանսների հարցերով պետքարտուղար Մենո Սնելը, այս տարի մասնակցում է միջոցառումներին:




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ