Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը  մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, մասնավորապես, ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ժամը 03:30-ի սահմաններում անձամբ այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Դավիթ Սանասարյանի հետ տեղի է ունեցել առանձնազրույց նրան ազատությունից զրկելու, նրա պնդմամբ՝ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողի կողմից իրեն մեկ հարված հասցնելու և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ուսումնասիրվել են նրան ազատությունից զրկելու հիմքերը, ինչպես նաև ստուգվել է բժշկական հետազոտության և նրա մյուս իրավունքների ապահովման վիճակը:  Դրանից բացի, ապրիլի 22-ին Դավիթ Սանասարյանի խնդրանքով, Պաշտպանի աջակցությամբ, նրան է տրամադրվել ռադիո ընդունիչ: Դավիթ Սանասարյանի ձերբակալման մասին տեղեկության հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել նաև նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանի հետ:

Ապրիլի 22-ի առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում առանձնազրույց են ունեցել Արմեն Գրիգորյանի հետ: Ստուգվել են նրա պահման պայմաններն ու իրավունքների ապահովման վիճակը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի ձերբակալումից անմիջապես հետո այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանին պատշաճ կերպով տեղեկացրել է նրա փաստաբան Հայկուհի Հարությունյանը: Պաշտպանն անձամբ կապի մեջ է եղել փաստաբանի հետ և իր իրավասության սահմաններում աջակցություն ցուցաբերել փաստաբանին՝ Լևոն Բարսեղյանի ազատ արձակման հարցում:

Ըստ հաղորդագրության՝ նշված բոլոր հարցերի կապակցությամբ բանավոր ընթացակարգով աշխատանքներից բացի, իրավասու մարմիններին ՄԻՊ-ը հասցեագրելու է նաև համապատասխան գրություններ քրեական հետապնդման համապատասխան մարմիններին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ