Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համախմբվել և միմյանց հետ երկխոսել. իրանահայության կոչը հայաստանյան իրադարձությունների հետ կապված

Համախմբվել և միմյանց հետ երկխոսել. իրանահայության կոչը հայաստանյան 
իրադարձությունների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանահայ գաղութը, մասնավորապես թեհրանահայությունը խորը մտահոգությամբ հետեւում է հայաստանյան դեպքերին, ցույցերին, որոնք երկրի ներսում տեղի ունեցող դժգոհությունների արդյունք են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանից Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի անունից տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ բնականաբար ցանկացած երկրում եւ ժողովրդի կյանքում լինում են նման երեւույթներ: Հայաստանը բացառություն չէ, մեկ տարբերությամբ, որ Հայաստանում, Արցախում եւ արտասահմանում կանգնած հայությունն այնպիսի մարտահրավերների առաջ է, որոնք պահանջում են համախմբվածություն եւ միասնականություն եւ առկա հարցերի լուծման համար՝ անկեղծ ու սրտանց երկխոսություն:

«Այս օրերը մեզ համար նվիրական են ու սուրբ, որովհետեւ դրանք օծուն են մեր մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների հիշատակով, հետեւաբար  մեր թեմի ողջ ժողովրդի, մշակութային, ընկերային, բարեսիրական, կանանց ու եկեղեցական միությունների անունից կոչ ենք անում հայրենաբնակ մեր ժողովրդի բոլոր զավակներին անխտիր եւ հատկապես երիտասարդությանն, ասելով, որ կիսելով հանդերձ մեր դժգոհություններն ու մտահոգությունները, մենք մեզ հիշեցնում ենք, որ ազգովին հարցեր ունենք՝ Արցախը, Արցախի պաշտպանության նվիրյալ բանակը, ունենք նաեւ Ապրիլյան մեր նահատակների սրբազան կտակը, մեր հայրենիքի, ամբողջական հայրենիքի սիրով տարվող մեր պահանջատիրական պայքարը։ Հետևաբար` մեր սիրո կոչը մեր ժողովրդի զավակներին այն է, որ խոհեմությամբ, համբերատար զսպվածությամբ, մեր երկրի ու ժողովրդի անվտանգության հեռանկարով քով-քովի գանք առանց բևեռացումի գնալու, քանի որ Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, այլ խոսքով, մեկ ընտանիքի ենք պատկանում եւ հետեւաբար մեր հարցերը սեղանի վրա լուծելու հրամայականի առաջ ենք եւ ոչ թե փողոցում։ Համախմբվենք սիրելիներ եւ միմյանց հետ երկխոսենք փոխադարձ սիրո, հարգանքի ու միմյանց ընդունելու սկզբունքով, մանավանդ, որ թշնամին դարանակալ հետեւում է մեր երկրում տեղի ունեցող անցուդարձին: Աստվածային օրհնություն, սեր եւ խաղաղություն մեր երկրին եւ ժողովրդին»,-ասված է հայտարարության մեջ:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am