Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Եվրամիությունը կարևորում է Հայաստանում համընդգրկուն երկխոսությունը


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի անունից՝ խոսնակի հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

Համաձայն հայտարարության՝ խաղաղ ճանապարհով և օրենքի համաձայն հավաքներ իրականացնելու ազատության իրավունքը համամարդկային և հիմնարար իրավունքներից է, և Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիակատար հարգանք կցուցաբերեն այդ իրավունքի նկատմամբ:

«Խիստ կարևոր է, որ բոլոր ներգրավված կողմերը ցուցաբերեն զսպվածություն և գործեն պատասխանատու կերպով: Կարևոր է համընդգրկուն երկխոսությունը, որի կոչն արել էր նախագահ Արմեն Սարգսյանը՝ ուղղված ստեղծված իրադրության անհապաղ և խաղաղ կարգավորմանը»,- նշված է հայտարարության մեջ՝ ընդգծելով, թե անհանգստացնող ու հուսահատեցնող է այն, որ ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպումը չկարողացավ կանխել դեպքերի հետագա էսկալացիան:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:

ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ