Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Քաղաքագետ Մարգարովը իրավիճակի հանգուցալուծումը երկխոսության մեջ է տեսնում


ԵՐԵՎԱՆ, 22, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկխոսությունը լավագույն բանական սցենարն է Հայաստանում տիրող իրավիճակի լուծման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Երկխոսությունն, իհարկե, լավագույն բանական սցենարն է երկրում այս իրավիճակը հանդարտեցնելու համար: Խնդիրը նրանում է, թե ինչի շուրջ պետք է կայանան այդ բանակցությունները: Եթե Փաշինյանի այս մաքսիմալիստական դիրքորոշման համաձայն Սերժ Սարգսյանը պետք է հեռանա և դրանից հետո կսկսվի բանակցային գործընթացը, ապա, իհարկե, այդ դիրքորոշումը բացարձակապես ընդունելի չէ իշխող դասի համար»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ հռետորաբանությունը չի կարող հանգեցնել երկխոսության և դրա համար անհրաժեշտ է ավելի ճկուն դիրքորոշում:

«Կարծում եմ, որ տվյալ պարագայում, արդեն բանակցությունների ժամանակն է, բայց դրա հետ միասին, եթե ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները պատրաստ չեն այս բանակցային գործընթացին, այդ դեպքում պետք է հասկանալ, թե որն է նրանց ծրագիրը»,- ընդգծեց Ալեքսանդր Մարգարովը:

Անդրադառնալով ապրիլի 22-ին կայացած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Մարգարովն ասաց, որ հանդիպումն ըստ էության նման չէր բանակցությունների, քանի որ երկու կողմերն ավելի շատ հնչեցրին իրենց դիրքորոշումները:

«Այն դիրքորոշումը, որը հնչեցվեց Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի շատ նման էր վերջնագրի: Կարծում եմ, վերջնագրերով հանդես գալը բանակցությունների համար հիմք չի կարող լինել: Բանակցությունները ենթադրում են, որ կողմերը պետք է իրար լսեն և փորձեն գտնել երկուսի համար ընդունելի լուծումներ: Տվյալ դեպքում՝ այն, ինչը հնչեցված է եղել Փաշինյանի կողմից, ավելի շատ նման էր վերջնագրի: Երբ բանակցային գործընթացում առկա են նախապայմաններ, այն չի կարող շարունակվել: Սերժ Սարգսյանի պատասխանը տրամաբանական էր այն իմաստով, որ մարդիկ չմոռանան որ Փաշինյանը մասնակցել է նաև 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին: Երկու կողմն էլ ըստ էության մնացին այն մտքին, որով եկել էին բանակցային գործընթացին»,- նկատեց քաղաքագետը և ավելացրեց, որ իշխանություններից բացի, նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այս երկու օրերի ընթացքում հնչեցրել են բանակցելու անհրաժեշտության մասին, սակայն նրա պնդմամբ՝ այդ գործընթացը ենթադրում է երկու կողմի ներգրավվածությունը:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից: Երեք պատգամավորներն էլ ձերբակալվել են:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ