Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարությունը կոչ է արել առաջնորդվել հանդարտ և խոհեմ մոտեցումներով

Առողջապահության նախարարությունը կոչ է արել առաջնորդվել հանդարտ և խոհեմ 
մոտեցումներով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ առողջապահության նախարարությունը և Առողջապահության կազմակերպիչների միավորում հասարակական կազմակերպությունը խորը մտահոգություն են հայտնում  երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Հայտարարության մեջ ասվում է.

«Հանրապետությունում արդեն արմատացած ժողովրդավարական ավանդույթը մեր քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատ արտահայտելու իրենց կարծիքը, մտահոգություններն ու անհանգստությունները։ Այսօր մեր երկրում արձանագրված հաջողությունների հետ մեկտեղ առկա են շատ խնդիրներ ու դժվարություններ, որոնց առթիվ մեր հայրենակիցներն իրենց բողոքի ձայնը բարձրացնում են փողոց դուրս գալով:

Հարգելով հանրահավաքի և երթերի մասնակիցների օրինական իրավունքները՝ ուզում ենք նշել, որ առկա իրավիճակը, մասնավորապես ճանապարհներ փակելը, խոչընդոտում է շտապօգնության և առողջապահական կազմակերպությունների բնականոն աշխատանքը: Բազմաթիվ հիվանդներ կարիք ունեն պարբերաբար այցելելու բժշկական  կազմակերպություններ` հետազոտվելու, բժշկական որևէ միջամտություն կամ դեղորայք ստանալու նպատակով:  Նման հիվանդների բուժման ընթացքին որևէ ձևով խոչընդոտելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ նրանց առողջության վրա:

Սիրելի հայրենակիցներ, իհարկե, մեր երկրում կան հրատապ լուծման կարոտ բազում հարցեր և խնդիրներ, սակայն հասարակության բևեռացումը, թշնամանքի սերմանումը, անհանդուրժողականությունը կարող են խաթարել մեր հայրենիքի առանց այն էլ փուխր անվտանգությունը:

Մեր բժիշկներն, ինչպես միշտ, հավատարիմ մնալով իրենց երդմանը, պատրաստ են պատվով իրականացնելու մարդասիրական իրենց առաքելությունը` բժշկական օգնություն ցուցաբերել բոլոր քաղաքացիներին։

Դրա հետ մեկտեղ, ունենալով ամենամարդասիրական մասնագիտությունը, կոչ ենք անում բոլորին հիշել, որ մարդու համար ամենամեծ արժեքը կյանքն ու առողջությունն են։ Եվ որևէ նպատակ չի կարող արդարացնել դրանք վտանգի ենթարկելը։

Կոչ ենք անում բոլորին ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով ուղիներ գտնել՝ առաջնորդվելով հանդարտ և խոհեմ մոտեցումներով` ի շահ մեր երկրի խաղաղության, կայունության և բարօրության»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]