Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (3 արկ): Ադրբեջանական զինուժը ապրիլի 15-ին, ժամը մոտ 14:00-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ շատ երկար չեն կրակել: «Մի քանի օր առաջերբ հակառակորդը կրակ արձակեց նույն ուղղությամբ,  այդ ժամանակվանից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը փակ է երթևեկության համար, քանի որ վտանգավոր էԱյդ հատվածում համապատասխան ցուցանշաններ կանշրջանցելու համարուղղակիերբեմն ժողովուրդըփորձում էր այդպես անցնել»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ կրակոցները եղել են հատուկենտ:

Տարածաշրջանում անկայունության ցանկացած դրսևորում բացասաբար է ազդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության վրա: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում ասել է ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանը։ «Լեռնային Ղարաբաղի հարցն այնքան տարողունակ է և միևնույն ժամանակ այնքան պարզ, որ կարելի է շաբաթներով խոսել, սակայն կարելի է նաև հակիրճ պատասխանել: Այո, շատ զգայուն հարց է և տարածաշրջանում ցանկացած անկայունության դեպք մշտապես բացասաբար է անդրադառնում կայունության վրա: Մեր պարագայում ամենակարևորն իհարկե կայունությունն է: Իհարկե, կարևոր է բանակցությունների ակտիվ առաջխաղացումը, սակայն պետք է կայունություն, հանդարտություն լինի»,- նշել է  Սարգսյանը: Նա հակված չէ մտածելու, որ Արցախի չլուծված հարցը թողնում են հաջորդ սերունդներին:  «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ընդգծեց. «Միգուցե էլի շահարկման առարկա դառնա, բայց փաստարկներից մեկը, որ այսօր ես վարչապետ եմ, հենց դրա հետ է կապված: Բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Մենք մեր դիրքրոշումները չենք փոխելու Արցախի հարցում»: Հայաստանի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլին սանձազերծված պատերազմի առաջին դասը համարում է այն, որ տևական ժամանակ այլևս պետք չէ հույսեր փայփայել, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկությունը:

Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին մեկ տարվա գործունեությունը բավականին արդյունավետ է եղել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանը: Նրա խոսքով՝ թանգարան-ինստիտուտի աշխատանքներն ընթացել են բնականոն հունով, այն ունեցել է  մեծ թվով այցելություններ՝ մոտ 100 հազար մարդ:

Իտալիայի Կալիարի քաղաքի մշակույթի պալատում կայացավ Նորա Արիսյանի «Հայոց ցեղասպանությունը 1915 սիրիացի մտավորականի մտքում» գրքի իտալերեն տարբերակի շնորհանդեսը:  «Արմենպրես»-ին հեղինակը տեղեկացրեց, որ գրքի իտալերեն թարգմանության նպատակն է իտալացիների շրջանում ներկայացնել սիրիական տեսակետը Հայոց ցեղասպանության առնչությամբ:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից  (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը օրինագիծ է ներկայացրել ԹԱՄԺ և դիմելով Թուրքիայի իշխանություններին և կոչ արել նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին: 

Հայաստան և աշխարհ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքը կարող է գրավիչ լինել բրազիլական շուկայում: Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը՝ ընդգծելով, որ ոլորտը Հայաստանի դինամիկ զարգացող ճյուղերից է: Առիթը հայ-բրազիլական գործարար համաժողովն էր, որը Հայաստան էր բերել 6-7 ոլորտների ընկերությունների հայ գործընկերների հետ կապեր հաստատելու նպատակով:

Իրանի խորհրդարանը ապրիլի 18-ին 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ»  օրինագիծը:

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ չինական կապիտալով «Նյու Յիդա» ընկերությունը Հայաստանում մինչև 5 միլիոն դոլար է ներդնում հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու նպատակով։ Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Նյու Յիդա» ընկերության գործադիր տնօրեն Լուո Գանգը և «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը օրեր անց Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերից մեկում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման վերաբերյալ: Այս մասին բլոգերը հայտարարեց Երևանում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ: «Կխոսեմ այն մասին, թե ինչպես են ինձ 7 ամիս պահել մեկուսարանում, որը մարդու իրավունքների խախտում է, ինչպես են ինձ կտրել արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, ինչպես են ծաղրել: Իսկ վերջին օրը՝ սեպտեմբերի 10-ին, երբ մայրիկիս ծննդյան օրն էր, ծեծել են, կոտրել են ատամներս, կողոսկրս, իսկ երբ անգիտակից վիճակում էի, կոկորդիս պարան էին անցկացրել ու կախել զուգարանում, որ հետո ներկայացնեն, թե իբր կախվել եմ: Կարծում եմ՝ հատուկ էին մայրիկիս ծննդյան օրը ընտրել»,-նշեց Լապշինը:

Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով: «Արմենիա» ավիաընկերության կողմից իրականացվող առաջին կանոնավոր թռիչքը կայացավ ապրիլի 19-ին:

Սերժ Սարգսյանն  ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն ապրիլի 16-ի համատեղ նիստում միաձայն որոշել են ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունը կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: «Այսօր այս ամբիոնի մոտ կանգնած է ոչ անհատ քաղաքական պետական գործիչ Սերժ Սարգսյանըոչ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու: Այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը: Ես այստեղ եմ, նախ և առաջ, որպես իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար, հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում: Կրկնվեմ՝ կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունը կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Հայաստանում մինչև 2040 թվականը 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունը ոչ թե պարզապես հայտարարություն էր, որը հնչեց ամբիոնից, այլ իրատեսական հայտարարություն, որը ՀՀԿ-ն անպայման իրականացնելու է: ՀՀ Ազգային ժողովի նիստում իրեն ուղղված հարցին այսպես պատասխանեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞ մշակել ու հաստատել ժողովրդագրական պետական քաղաքականության հայեցակարգ և եթե այո, ապա ի՞նչ հայեցակարգային հիմնադրույթներ կառանձնացներ այդ ուղղությամբ, Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մոտակա շաբաթների ընթացքում կհաստատենք մինչև 2030 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը, որտեղ ներառված կլինեն բազմաթիվ դրույթներ՝ նաև մինչև 2040 թվականն անցնելիք ճանապարհի մասին: Կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի կլինի, որ մինչև 2040 թվականը 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունը ոչ միայն հայտարարություն էր, որ հնչեց ամբիոնից, այլև իրատեսական հայտարարություն էր, որը մենք անպայման իրականացնելու ենք»:

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն ամփոփիչ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ հատուկ նիստում: Նա մասնավորապես նշել է. «Շնորհակալ եմ հնչեցված դիրքորոշում­ների, ոգևորիչ, ինչպես նաև քննադատական ելույթների համար։ Շատ բանի հետ, որ ասվեց նախորդ ժամանակահատվածում և այսօր, պետք է  համաձայնեմ։ Խոսքս թե՛ քննա­դատությանն է վերաբերում,  թե՛ սատարող քաղաքական ուղերձներին։ Անշուշտ, հնչած մտքերի մի զգալի մասի հետ էլ ես համաձայն չեմ։ Իմ կուսակից ընկերների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակեր­պումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել, քննադատական ելույթներում բավա­կան շատ պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն, հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս մեր վիճակի, որպեսզի արդարացնեն, այսպես ասած, մեր վատ վիճակը»։ 

Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Նրա օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17: Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,- նշված է հրամանագրում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Վարչապետ Սերժ Սարգսյանը ԱԺ հատուկ նիստում քվեարկության արդյունքների հրապարակումից հետո մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի հարգարժա՛ն նախա­գահ, հարգելի՛ պատգամավորներ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ         Հայաս­տանի հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական դաշնակցության իմ գործընկերներին վարչապետի պաշտոնում իմ թեկնա­ծությունն առաջադրելու և Ազգային ժողովում պաշտպանելու համար։ Մենք՝ որ­պես  քաղաքական կոալիցիա, լուրջ պա­տաս­խանատ­վություն ենք ստանձնել, գիտակցում ենք դրա մասշտաբ­ները և համադրված  հետևողական աշխատանքով պատ­րաստ ենք առաջ գնալ հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի համար ավելի որակյալ կյանքի պայմաններ ապահովելու ճանապարհով»։

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի և նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը: Շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ երկրի նախագահն ասել է. «Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, կազմակերպչական մեծ փորձն ու հմտությունները, մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս պատասխանատու պաշտոնում ևս Ձեր ողջ ներուժը կծառայեցնեք մեր հայրենիքի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը»:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանը 2018 թվականի առաջին եռամսյակում գրանցել է աննախադեպ տնտեսական ակտիվություն ցուցանիշ՝ 10.6%: Սա 2011 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է (ցուցանիշի ներդրումից ի վեր):

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին: ՀՀ նախագահն ստորագրել է հրամանագրեր Վաչե Վազգենի Գաբրիելյանին և Արմեն Անդրանիկի Գևորգյանին ՀՀ փոխվարչապետեր նշանակելու մասին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը: Արմեն Սարգսյանն ստորագրել է հրամանագիր Էդվարդ Նալբանդյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ: ՀՀ նախագահը հրամանագրեր է  ստորագրել Վարդան Սարիբեկի Արամյանին ֆինանսների նախարար, Դավիթ Արսենի Լոքյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Համլետի Կարայանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին: Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ արդարադատության, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության և մշակույթի նախարարների նշանակելու մասին: Արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Դավիթ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ Դավիթ Տոնոյանը, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Իգնատի Առաքելյանը, Մշակույթի նախարարի պաշտոնում՝ Արմեն Ամիրյանը:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Ալեքսան Հարությունյանն ու Արամ Ղարիբյանը նշանակվել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ:

 «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ասաց, որ «արդեն կառավարությունը ծրագրել է, և կարծում եմ մենք ընդամենը շաբաթների ընթացքում որոշակի փոփոխություն կմտցնենք հարկային օրենսգրքում նվազեցնելու մարդկանց եկամտահարկը: Ծրագրված է և ամենայն հավանականությամբ հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում կլինի»:

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց.  «Կառավարության ծրագիր իր մեջ որոշակի թվեր պարունակելու է, մասնավորապես, ամրագրվելու է, որ տարեկան առնվազն պետք է ունենանք 5 և ավելի բարձր տոկոսի տնտեսական աճ»:

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ ողջունում է ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով: Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին եւ իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն եւ պատասխանատվություն:

Հայաստանում հավաքների իրականացումը չպետք է խանգարի, ուղղակի անհամաչափ ձևով խախտի որիշների իրավունքները: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող հավաքներին: «Ինքներդ էլ նկատել եք, թե տարիների ընթացքում ինչքան ենք մենք մեծացրել քաղաքացիների հնարավորությունը՝ արտահայտելու իրենց բողոքն ու դժգոհությունը: Արդեն տարիներ շարունակ Հայաստանում որևէ արգելք չկա որևէ ձևով, բացառությամբ ոչ խաղաղ տարբերակի, արտահայտելու մարդկանց դժգոհությունը: Կարծում եմ, որ դա և՛ իշանություններին է օգուտ, և՛ այդ մարդկանց է օգուտ: Խնդիրը նրանում է, թե որքանով են այդ դժգոհությունները կամ բողոքները արտահայտվում օրենքին համապատասխան ձևով»,- ասաց ՀՀ վարչապետը: Նա ընդգծեց, որ երբ ամեն բան համապատասխանում է օրենքին, բացարձակապես որևէ խնդիր չի լինում»,- նշել է ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:  Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպմանը Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նախ իրենց շնորհավորանքներն են փոխանցել վարչապետին՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն: Զրուցակիցները հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև այս օրերին հանրապետությունում բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումներին՝ տեղի ունեցող հավաքներին, երթերին և իրենց մտահոգությունները հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Բնական համարելով, որ ցանկացած երկրի ներսում կարող են լինել դժգոհություններ, պահանջներ, մտահոգություններ, կաթողիկոսները կարևորել են բողոքի արտահայտումը բացառապես քաղաքակիրթ եղանակով՝ հարգելով պետության սահմանադրական կարգն ու օրենքները:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ»,- նշել է նա։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Անհրաժեշտ է պարպել լարվածությունըՉպետք է թույլ տալոր կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել: Ուստիպատրաստակամ եմ հանդի­պե­լու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քա­ղա­քա­կան ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով»,- նշել է ՀՀ նախագահը։

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու կոչին, հայտարարել է, որ ապրիլի 21-ին պատրաստ է հանդիպել նրան Հանրապետության հրապարակում, որտեղ 19:00-ին մեկնարկում է Փաշինյանի և կողմնակիցների հանրահավաքը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու նպատակով:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 21-ին Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: 

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանիպման մասին, որը ծրագրված է ապրիլի 22-ի առավոտյան ժամը 10:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո:

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն»  փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՝ 2018  թվականի  ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը: Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն»  փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված  254.33 մլն դրամ կազմող (առանց ԱԱՀ) ներդրումային ծրագրին, որը ուղղվելու է սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների, համակարգչային տեխնիկայի ձեռքբերմանը, խմելու ջրի համակարգի վերակառուցմանը:  

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծա­ծա­վալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների  և քննչական գործողությունների արդյունքում վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափե­րով գումար: ՀՀ ԱԱԾ-ն, իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, բացահայտել և կանխել է պետական կառավարման տարբեր մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման հերթական դեպքը։ ԱԱԾ-ն տարածել է հաղորդագրություն առ այն, որ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։

Երևանում արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ անցկացվում է սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը: Բացման արարողությանը Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ նման միջոցառումները նպաստում են զբոսաշրջության ոլորտի հանդեպ հանրային հետքրքրվածության մեծացմանն ու քաղաքացիների կողմից երկրի գրավչություններին ծանոթանալուն:

Սփյուռք

Սիրիահայ Ժիրայր Կարպիսի Քեչեճյանի մարմինը, ով չորս տարի առաջ անհետ կորել էր, գտնվել է: Այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան «Syrian Armenians - Սուրիահայեր» խմբի համակարգող, հալեպահայ Ռոբերտ Սուլահյանը: «Ժիրայրն այն 150 սիրիացի զինվորականների շարքին է պատկանում, որոնց անշունչ դիերը գտնվել են Ռաքքայի գյուղերից մեկում գտնվող խմբային գերեզմանում: Աստված հոգին լուսավորի և մխիթարի մեզ»,-նշված է գրառման մեջ:

Միջազգային խճանկար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գործողությունը հստակ ազդանշան Է համարել Ռուսաստանի եւ Իրանի համար: Սիրիական բանակի հակաօդային պաշտպանության միջոցները կարողացել են դիմագրավել երկու հրթիռահարվածներին Հոմսի նահանգի Շայրաթի եւ Դամասկոսից 50 կմ հյուսիս գտնվող Դումեյրի օդանավակայաններին: Ինչպես Al Ekhbariya հեռուստակայանին հայտնել Է հանրապետության զինված ուժերի հրամանատարության մի աղբյուր, սիրիացի զենիթայիններին հաջողվել Է վեց թիրախ խոցել Շայրաթի երկնքում ու եւս երեք հրթիռ խփել Դումեյրի մերձակայքում։

One America News Network հեռուստաալիքի լրագրողները ժամանել են Սիրիայի Դումա քաղաք եւ այնտեղ քիմիական գրոհի նշաններ չեն հայտնաբերել: 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Թուրքիայի իշխանություններից պահանջել Է ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որին մեղադրում են 2016 թվականին երկրում զինվորական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանն օգտագործվում է չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու համար: Այս մասին բացահայտում են արել չեխ լրագրողները՝ ընդգծելով, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու հարցում արգելք կա, որը, փաստորեն, խախտվել է: Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը  2016 թ. համեմատ, 2017 թ. ավելացել է 51 տոկոսով: 2016 թ. Ադրբեջանում ինքնասպանություն է գործել 327 մարդ, իսկ 2017-ին՝ 495 մարդ:

Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Մշակույթ

Կյանքի 88-րդ տարում, Հռոմում մահացել է իտալացի ռեժիսոր և սցենարիստ Վիտորիո Տավիանին, ով իր եղբոր՝ Պաոլոյի հետ նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գեղարվեստական կինոնկարը։ Տավիանի եղբայրները 2007 թվականին  արժանացել են Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Սերգեյ Փարաջանովի մրցանակին՝ համաշխարհային կինոյում իրենց ունեցած մեծ վաստակի համար։

1915 թվականին արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ձերբակալության և սպանության պատմությունը նկարագրող «Դանիէլ» կարճամետրաժ կինոնկարը Բերմուդայի միջազգային կինոփառատոնում հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում:

«X Factor», «Դեպի Եվրատեսիլ» և այլ երաժշտական նախագծերից հայտնի երգիչ Գևորգ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» 2018 միջազգային երաժշտական մրցույթում: Այն կանցկացվի  սեպտեմբերի 4-9-ը՝ Սոչիում:

Երևանյան «Գալա Արտ» ցուցասրահի տնօրինության նախաձեռնությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի հեղինակավոր ցուցասրահներից մեկում երկու ամիս  շարունակ ներկայացվել է հայ արդի կերպարվեստը: Ցուցադրվել է 21 արվեստագետի ավելի քան 150 աշխատանք: Ցուցահանդեսն ավելի քան 5000  այցելու է ունեցել:

Մտավորականների խորհուրդը խոր կսկիծով հայտնում է նշանավոր քանդակագործ, հայտնի հասարակական գործիչ Ֆերդինանտ Առաքելյանի մահվան լուրը։

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կօգնի Վարդան Մինասյանին մարզչական աշխատանքում: Նման հայտարարություն արեց ազգային ընտրանու վերանշանակված գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ: 

Հայաստանի ջրացատկի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Ուկրաինայում:

Բասկետբոլի Ա Լիգա հաղթող դարձավ Ստեփանակերտի «Արցախ»-ը, իսկ Հայաստանի չեմպիոնը «Արթիկ»-ն է։

Եվրոպայի սուսերամարտի առաջնությանը թրասուսեր զենքաձևից Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկված՝ հայկական արմատներ ունեցող Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտին կհեռանա «զինագործների» մարզչի պաշտոնից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]