Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Մշակույթի գործիչները բանակցությունների ու երկխոսության կոչ են անում

Մշակույթի գործիչները բանակցությունների ու երկխոսության կոչ են անում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի գործիչներն, անդրադառնալով երկրում տեղի ունեցող իրադարձություններին, իրավիճակի հանգուցալուծում են համարում խաղաղ բանակցությունները:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Մհեր Նավոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հատուկ շեշտեց՝ որպես իրավիճակի հանգուցալուծում ամենաընդունելի տարբերակ է համարում երկխոսությունը:

«Հակասական վերաբերմունք ունեմ վերջին դեպքերի հետ կապված: Հպարտանում եմ այն երիտասարդներով, ովքեր բանիմաց են, խելացի են, այնքան սկզբունքային են, որ կարող են խոսել իրենց իրավունքի, իրենց ապագայի տերը լինելու մասին: Նաև հպարտ եմ ոստիկանների զսպվածությամբ: Մասնավոր դեպքերի մասին չեմ ցանկանում զրուցել, բայց այսօրվա ոստիկանն ապացույցն է այն բանի, որ մենք պետություն ունենք, և պետությունը նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակին յուրահատուկ բարձր մշակույթ է ձևավորել»,- ասաց Մհեր Նավոյանը: 

Նավոյանը խոհեմության, ողջամտության կոչ է անում: «Մեր ընտրությունը հաջորդ փուլում ինչպիսի՞ն է լինելու՝ բռնությո՞ւն, արյո՞ւն, թե՞ երկխոսություն: Մենք պետք է շատ ողջամիտ լինենք: Չլինի այնպես, որ մենք մեր շիկացած վրդովմունքի պահին մեր հայրենիքը հրդեհենք: Պետք է խոհեմ, ողջամիտ լինենք: Եվ ես շատ կցանկանամ, որ մեր հաջորդ քայլը լինի սկզբունքային երկխոսության ճանապարհը: Այպիսի պայմաններում բոլորն են հասկանում, շատ բարդ, դժվար երկխոսություն է լինելու, բայց թող այդպես լինի: Ո՞վ է ասել, որ երկրի ապագայի ընտրությունը պետք է ավելի հեշտ լիներ»,-նշում է մշակույթի գործիչը:

Նավոյանը շեշտում է, որ հավաքներին տարբեր տեսակի ելույթներ լսելիս հակասական զգացողություններ է ունենում, որովհետև որոշ ելույթներում արտահայտած մտքերն իրեն խորթ են:  

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ մտահոգված է, քանի որ ստեղծված խառնաշփոթն, ըստ մշակույթի գործչի, մեզ պատիվ չի բերում և պայթունավտանգ է: Նրա խոսքով` բոլոր նախագահներն ունեցել են և՛ դրական, և՛ բացասական կողմեր, և իրենց ներդրումն են ունեցել երկրի զարգացման գործում:  

Ռոստոմյանի համոզմամբ՝ քաղաքական գործիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ, միասին աշխատեն և երկիրը հզորացնեն: «Էլի նույն բանն է լինելու, եթե Սերժ Սարգսյանին փոխարինենք Նիկոլ Փաշինյանով: Ոչինչ չի փոխվելու: Մեր երկրում խնդիրները շատ են, բայց հեղափոխությունը, որը կործանարար է բոլոր երկրների համար, մեզ պատիվ չի բերում: Մենք պատերազմական վիճակում ենք, շրջապատված թշնամիներով: Կոչ եմ անում, որ մարդիկ զգոնանան, որպեսզի սրանից չօգտվի մեր թշնամին: Շառլ Ազնավուրն ինձ մի անգամ մի խոսակցության ընթացքում նման բան ասաց. «Եթե ինչ-որ մեկի մեջ անգամ 25 տոկոս հայի արյուն կա, նա հայ է»: Մենք ընդամենը 10 միլիոն ենք ամբողջ աշխարհում, ամեն մի հայը ոսկու գին ունի մեզ համար, թանկ է: Պետք է փորձենք ուղղորդել այս հրաշալի երիտասարդներին, որպեսզի ոչ թե հերոսանան, այլ նոր գիտելիքներ ձեռք բերեն ի նպաստ երկրի»,-նշում է մշակույթի գործիչը:   

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակը, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները երթ են սկսել Նոր Նորքի զանգվածից: Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել հավաքի 93 մասնակից:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ