Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Արցախի նախագահը կոչ է արել վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով և ցուցաբերել զսպվածության


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարություն է տարածել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահի հայտարարության մեջ ասվում է.

«Այս օրերին համայն հայության ուշադրությունը սեւեռված է Երեւանում եւ Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ եւ նույնպես հետեւում է այդ ամենին:

Հայրենիքի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, եւ որին ամեն վայրկյան սպառնում է նենգ թշնամին, ապակայունացման, ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է եւ հղի վատագույն հետեւանքներով, ինչը չի կարող չազդել անվտանգության, պաշտպանունակության եւ սահմաններում տիրող իրավիճակի վրա:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի եւ ապագայի վերաբերյալ: Դա անքակտելի իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ:

Սակայն, այդ իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենքի սահմաններում՝ երբեւիցե չմոռանալով, որ հայկական երկու պետությունների անվտանգության երաշխավորման կարեւորագույն գործոնը եղել եւ մնում է մեր ներքին կայունությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կոչ եմ անում բոլորիդ՝ անվերապահորեն հետեւել օրենքի տառին ու ոգուն, վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածության եւ պատասխանատվության բարձր աստիճան:

Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել մեր ժողովրդի եւ հայոց ազատ ու անկախ պետականության համար, որը թանկ ու գերագույն արժեք է ամեն մի հայի համար՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ