Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը հավաքի կազմակերպիչներին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը հավաքի կազմակերպիչներին զսպվածություն 
ցուցաբերելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որով երկրում տեղի ունեցող գործողությունների կազմակերպիչներին հորդորել է չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ նշված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին, որոնք, ցավոք, այսօր սկսեցին զուգորդվել ընդգծված բռնությամբ։ Վտանգավոր այս տենդենցը հուշում է, որ քաղաքական նպատակներով ձևավորված խաղաղ հավաքները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ։

Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը, ինչպես նաև անընդունելի են ցուցարարների շարքերում տեղի ունեցող որոշ քաղաքացիների սադրանքները՝ իրենց բոլոր հետևանքներով։ Անընդունելի ենք համարում առաջին գծում աշխատող լրագրողների հանդեպ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը, որոնք ոչ միայն դատապարտելի են, այլև դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության առաջնահերթություններին։

Փաստաբանների պալատը դատապարտում է ազատ տեղաշարժման իրավունքի խախտումներն ու արտահայտվելու իրավունքի հանդեպ որևէ ոտնձգության փորձ։ Միևնույն ժամանակ չենք կարող չանդրադառնալ հավաքներին անչափահասների և անգամ մանկահասակ երեխաների մասնակցության անթույլատրելիությանը։

Նման սցենարներ պատմության մեջ հատկապես վերջին տարիներին շատ են կրկնվում։ Չէինք ցանկանա ավելորդ խուճապի առիթ ստեղծել, ինչպես նաև քաղաքականացնել մեր մոտեցումը,սակայն լինելով հայրենասեր և սրտացավ համայնք, չենք կարող չհիշել թավշյա հեղափոխությամբ սկսված և եղբայրական արյունահեղությամբ զուգորդված, արդյունքում տարածքային կորուստներ կրած և պատերազմական դրությունից ուշքի չեկող երկրների դաժան փորձը։

Հորդորում ենք այս գործողությունների կազմակերպիչներին չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին։ Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և գործել միայն իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներով։

Հիշեցնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խումբը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն ցույցերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներին և շարունակելու է արձագանքել իրեն դիմած բոլոր ցուցարարներին»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]