Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստեղծագործական միությունների ղեկավարները երկխոսության կոչ են անում

Ստեղծագործական միությունների ղեկավարները երկխոսության կոչ են անում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեղծագործական միությունների նախագահները երկրում տիրող իրավիճակի լուծումը երկխոսության մեջ են տեսնում։ «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ, ովքեր անդրադարձել են Երևանում վերջին օրերի իրադարձություններին։

ՀԳՄ նախագահը պաշտպանում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրական և գործնական երկխոսություն կազմակերպելու գաղափարը։ «21-րդ դարում աշխարհի խաղաղությունն ու պատերազմը այսքան մերձ չէին եղել, ինչ վերջին շաբաթներին է։ Մարդկությունը շունչը պահած սպասում է երրորդ համաշխարհայինի սանձազերծմանը։ Մազից կախված աշխարհ, երբ ռմբակոծումներն ու ահաբեկչություններն իրար հերթ չեն տալիս։ Եվ այդ կրակի եզրին է Հայաստանը, հիշեցնե՞մ մեր Արցախի խնդիրը, որ ամեն պահ կարող է վերածվել տարածաշրջանի և առավել լայն  կռվադաշտի»,- ընդգծեց Միլիտոնյանը։

Նրա խոսքով՝ այս վիճակում յուրաքանչյուրն իր պատասխանատվության չափով սթափվելու կարիք ունի։

«Չմոռանանք, մեր անկայունությունից օգտվելով՝ թշնամիները, մոտ ու հեռու հարևան-բարեկամները, ակնհայտ և ծածուկ պարտադրելու են իրենց շահերի օրակարգը։ Կան բազմաթիվ հոգսեր՝ սոցիալական, աշխատանքային, արդարության, մշակութային և այլն»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը և եզրափակելով խոսքն ասաց, որ մարդկանց հարցադրումները լուծելու մեկ հին և նոր ճանապարհ կա՝ երկխոսություն պետական, քաղաքական և հասարակական կառույցների միջև։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ևս երկխոսությունը օրակարգային է համարում։

«Երկրում այնպիսի իրավիճակ է, որ, իհարկե, պետք է երկխոսություն, համերաշխություն՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են խաղաղ ձևով իրավիճակը կարգավորել: Հասկանալի է, որ դժգոհությունները շատ են, հետևաբար երկխոսության կարիք կա: Երբ դրա մեկնարկը տրվի, արդեն հաջորդիվ կծնվի գաղափար՝ դրա իրագործման ուղիների վերաբերյալ»,- ասաց Աղամյանը և նկատեց, որ արմատական բարեփոխումները մեկ օրում հնարավոր չէ անել։

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 19-ին ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել: Իսկ ապրիլի 20-ին նրանք կրկին երթ սկսեցին՝ այս անգամ Գյուլբենկյան փողոցից: Ապրիլի 20-ին բերման ենթարկվածների թիվը հասավ 166-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]