Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը

Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը կարևորել է ՀՀ և ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունների համագործակցության սերտացումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են: Ա. Հարությունյանի խոսքով՝ ՀՀ-ում կատարվող բոլոր բարեփոխումները պետք է զուգահեռաբար իրականացնել նաև Արցախում: Այդ առումով, նա հորդորել է հյուրերին փոխգործակցության շրջանակում Արցախի գործընկերներին աջակցել ինչպես մասնագիտական, այնպես էլ տեխնիկական հարցերում:

«Սննդի անվտանգության ապահովումը կառավարության կարևոր խնդիրներից մեկն է, և մենք շահագրգռված ենք, որ թե ՛ տեղական արտադրության և թե՛ ներմուծվող սննդամթերքի որակը համապատասխանի միջազգային չափանիշներին: Այն կարևոր նախապայման է ոչ միայն մեր բնակչությանը առողջ և որակյալ սնունդ ապահովելու տեսանկյունից, այլև արտահանման գործում մրցունակ և պահանջված լինելու առումով»,- ասել է Ա. Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար՝ Ի. Կարապետյանը նշել է, որ աշխատանքային այցի նպատակն է իրենց գործընկերների հետ քննարկել առկա խնդիրները, իրականացվող ծրագրերը և համատեղ անելիքները: Նա իր պատրաստակամությունն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը ակտիվ փոխգործակցության և համադրված աշխատանքի կազմակերպման համար: Անդրադառնալով նախանշված ծրագրերին՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետը ընդգծել է պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, որի իրականացումն Արցախում կառաջարկվի փուլային եղանակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սննդամթերքի անվտանգության և հսկողության համակարգերի զարգացմանը, ինչպես նաև ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Համլետ Ապրեսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ