Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում բացվեց «Bentley» ընկերության առաջին ավտոսրահը

  Երևանում բացվեց «Bentley» ընկերության առաջին ավտոսրահը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպասված իրադարձություն լյուքս դասի ավտոմեքենաների որակը, շքեղությունը, արագությունն ու հարմարավետությունը գնահատողների համար: «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն Երևանում ազդարարեց աշխարհահռչակ բրիտանական բրենդի՝ «Bentley» ընկերության ավտոսրահի պաշտոնական բացումը: Խորհրդանշական ժապավենը կտրեցին «Bentley Russia & Region East»-ի կառավարիչ-տնօրեն Մարկո Վան Ալտենը և «Bentley Yerevan» ընկերության հիմնադիր Ստանիսլավ Համբարձումյանը: Ավտոսրահի պաշտոնական բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և լյուքս դասի ավտոմեքենաները գնահատողներ:

Ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող բրիտանական հանրահայտ «Bentley» ընկերության ցուցասրահը Երևանում տեղակայված է Ադմիրալ Իսակովի պողոտայում: Ցուցասրահն առանձնանում է իր լայն հնարավորություններով: Լինելով ցուցասրահում՝ այցելուները կարող են ծանոթանալ ընկերության ավտոմեքենաների յուրօրինակ հավաքածուների մոդելային շարքին, ձեռքբերել ինքնատիպ աքսեսուարներ, որոնք բացառապես ձեռքի աշխատանքի արդյունք են, և, իհարկե, կատարել երազանքների մեքենայի պատվերը:

«Bentley Yerevan» ընկերության գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Bentley»-ն առանձնահատուկ ավտոմոբիլային ընկերություն է, որի ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանալն արդեն իսկ կարևոր իրադարձություն է:

««Bentley»-ն ներկայացնում է շքեղ դասի ավտոմեքենաներ որակն ու հարմարավետությունը գնահատողների համար: Ավտոմեքենաներում գերակշռում է ձեռքի աշխատանքը: «Bentley»-ն ցանկալի շքեղ ավտոմոբիլային բրենդ է: Գեղեցիկ ցուցասրահի ու սպասարկման կենտրոնի միջոցով նոր մշակույթ ենք ներմուծում Հայաստան՝ շքեղ ավտոմոբիլային դասը սպասարկելու գործում: Դա իրենից ենթադրելու է շատ բարձրակարգ սպասարկում ոչ միայն վաճառքի, այլև ծառայությունների լայն ընտրության, տեխսպասարկման, համապատասխան աքսեսուարների ընտրության առումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Արդյո՞ք նման կարգի ավտոմեքենաների պահանջարկը կա հայաստանյան շուկայում, հարցին ի պատասխան Արտեմ Սիմոնյանը նշեց, որ, իհարկե, կա:

«Ես չեմ պատկերացնում աշխարհում մի երկիր, որտեղ չլինի նման շքեղ ավտոմեքենաների պահանջարկ: Իհարկե, մեր խնդիրը չի լինելու մեր գործընկերների հետ քանակական մրցակցության մեջ մտնելը: Այստեղ մենք ներկայացնում ենք բացառիկ բրենդ՝ իր բարձրակարգ ծառայություններով, որտեղ շեշտը դրված է որակի վրա»,-ասաց նա:

Նոր կենտրոնը ձևավորված է «Bentley»-ի միջազգային կորպորատիվ ոճով: Այստեղ ընկերության հարուստ պատմությունը ներդաշնակ ձևով զուգորդված է ժամանակակից շքեղ դիլերային կենտրոնին հատուկ տարրերի հետ:  Բացի այդ, ցուցասրահում ներկայացված է անհատականացման գոտի, որտեղ հաճախորդները կկարողանան ընտրել ինչպես  թափքի գույնը, այնպես էլ՝ կաշվով դրվագման տարբերակներ մակնիշի հսկայական  տեսականուց:

«Bentley Russia & Region East»-ի կառավարիչ-տնօրեն Մարկո Վան Ալտենը (Marco van Aalten) նախ շնորհակալություն հայտնեց «Դերժավա-Ս» ՓԲԸ-ին՝ ի դեմս Համբարձումյանների ընտանիքին, նշելով, որ դիլերային կենտրոնը հնարավորություն կտա ամրապնդելու հարաբերությունները «Bentley»-ի հաճախորդների հետ Հայաստանում:

«Այստեղ ունենք հայ սպառողների բանակ, որոնք գնահատում են «Bentley»-ն:  Կարևորելով նրանց  նախասիրությունները և շնորհակալ լինելով իրենց ընտրության համար՝ գտնում ենք, որ պետք է լինել այնտեղ, որտեղ նրանք են: Ձգտում ենք նրանց առավել մոտ լինել ոչ միայն վաճառքի, այլև ծառայությունների մատուցման տեսանկյունից: Ահա, թե ինչու այսօր մենք Երևանում պաշտոնապես բացում ենք  «Bentley»-ի ներկայացուցչությունը, ինչը շատ կարևոր է մեզ համար»,-ասաց նա: Մարկո Վան Ալտենն ընդգծեց, որ Երևանում իրենց հետ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում՝ ի դեմս «Դերժավա-Ս» ՓԲԸ-ի:

«Bentley Yerevan» ընկերությունն, այսուհետ լինելով «Bentley» ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում, հայ սպառողին է ներկայացնում «Bentley»-ի ավտոմեքենաների ամբողջական հավաքածուն: Մոդելների ցանկում են՝ «Flying Spur»-ը, «Mulsanne»-ը, «Bentayga»-ն և ,իհարկե, «Bentley»-ի նորարարությունը՝ «Continental GT»-ն: Նշենք, որ ցուցասրահում ներկայացված ավտոմեքենաներին կարելի է ծանոթանալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ այցելելով«Bentley Yerevan» ցուցասրահ:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]