Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Սերժ Սարգսյանը նախորդ տասը տարիներին մարդկանց կյանքի բարելավումն ակնհայտ է համարում


ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին զարմացնում է՝ ինչո՞ւ է անտեսվում հանգամանքը, որ նախորդող տասը տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն  թե դրամով, թե դոլարով միջինում 2 անգամ աճել է։ «Այս տարիների ընթացքում մենք հաղթահարել ենք երկու պատերազմական իրավիճակ, երկու համաշխահային ճգնաժամ, բազմաթիվ արտաքին ու ներքին վտանգների հետ ենք առերեսվել։ Բայց զարգացել ենք։ Ինչո՞ւ զարգացումը չենք տեսնում։ ՀՆԱ-ն 2007-ին կազմել է 2 տրիլիոն 656 միլիարդ դրամ, այս տարվա հունվարի 1-ին ունեցել ենք 5 տրիլիոն 580 միլիարդ դրամ, այսինքն՝ 2,1 անգամ ավելացել է մեր տնտեսությունը։ Միանգամից ասեմ, որ դրամը արժեզրկվել է, ուստի ես կհնչեցնեմ նաև ՀՆԱ-ն դոլարային արտահայտմամբ։ Այն ժամանակ եղել է 6 միլիարդ 385 միլիոն դոլար, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ 11 միլիարդ 560 միլիոն դոլար, այսինքն՝ 1,8 անգամ մեծացել է մեր տնտեսությունը։ Նույնը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրուցում ասաց Սերժ Սարգսյանը։ Եվ որպեսզի շահարկումներ չլինեն, որ գնաճ է արձանագրվել, Սարգսյանը նշեց, որ  ՀՆԱ-ի ինդեքսը 2007-ի 100 տոկոսի համեմատ այսօր 142 տոկոս է։

Անդրադառնալով բնակչության աշխատավարձի և ծախսերի վերաբերյալ հարցին՝ Սերժ Սարգսյանը նկատեց, որ դրանց նույնը մնալու և մարդկանց պահանջները մեծանալու դեպքում, կմեծանա նաև դժգոհությունը, մինչդեռ ավելացել է ինչպես նվազագույն, այնպես էլ միջին ամսական աշխատավարձը։ «Նվազագույն աշխատավարձը 2007-ին եղել է 15 հազար դրամ, այսօր 55 հազար դրամ է, միջին ամսականը 62 հազար է եղել, հիմա 184 հազար է։ Միջինն եմ ասում, եթե տարվա արդյունքներով ասեմ, ավելի բարձր կլինի։ Միջին աշխատավարձը 3 անգամ ավելացել է։ Արդյոք սա փոփոխությո՞ւն չէ։ Ինչպե՞ս անենք, որ 100 անգամ ավելանա, իսկ աշխարհում կա՞ այդպիսի օրինակ, որ միանգամից 100 անգամ ավելանա։ Չկա այդպիսի բան»,-ընդգծեց վարչապետը։ Նրա բնորոշմամբ՝ մարդկանց կյանքն ակնհայտորեն բարելավվել է։ Դա է վկայում նաև խնայողությունների շեշտակի աճը՝ 11 անգամ։ «2007-ին ֆիզիկական անձինք ունեցել են 143,6 միլիարդ դրամ ավանդ, 2018-ի սկզբին նրանք ունեցել են 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ, գրեթե 11 ագամ մարդկանց խնայողոթյուններն ավելացել են»,-հայտնեց Սերժ Սարգսյանը։

Ավտոմեքենաների թվաքանակն էլ կրկնակի աճ է արձանագրել տասը տարվա կտրվածքով։ Նրա խոսքով՝ եթե 2007-ին հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված էր 333 հազար 70, ապա 2018-ի հունվարին՝ 616 հազար ավտոմեքենա։

Սրան զուգահեռ երկրում առկա 30 տոկոս աղքատությունը, ըստ Սերժ Սարգսյանի, մտածելու տեղիք է տալիս, քանի որ աղքատությունը գնահատական է, իսկ ՀՆԱ-ն՝ ճշգրիտ թվերի հանրագումար։ «Ընդ որում՝ գնահատական մի անգամ 5 հազար, մյուս անգամ՝ 6 հազար տնային տնտեսությունների հարցումների հիման վրա։ Աղքատությունը գնահատվում է ոչ թե եկամուտով, այլ սպառումով․ այստեղ մտածելու տեղ կա»,-նշեց նա։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ