Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 5/3. «Տափաստանի գայլը», «Հաղթական կամար», «Ալքիմիկոսը» գրքերն ամենավաճառվածների ցանկում են

Երևանյան բեսթսելեր 5/3. «Տափաստանի գայլը», «Հաղթական կամար», «Ալքիմիկոսը» 
գրքերն ամենավաճառվածների ցանկում են

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայկական է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Հերոսն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Երկրորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ երրորդ հորիզոնականում է Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր»-ը: Այն պատմություն է սովորական երկրի մասին, որտեղ բոլոր կարևոր հարցերը որոշվում են շոգեբաղնիքում: Նարեի սովորական կյանքի, Ժանեթի սովորական ողբերգության, հացադուլ անող Սայլակավորի և սովորական մեկի՝ «վերևների» կարգադրությամբ աշխատանքից հեռացված ժուռնալիստ Ավոյի մասին է այս գիրքը:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը չորրորդն է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներ, մտորումներ, բանաստեղծություններ, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է։

Մեր աղյուսակ է վերադարձել և հինգերորդ տեղը գրավել «Հաղթական կամար»-ը, որը գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հանրահայտ վեպերից է: Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն ռոմանտիկների համար կյանքը զարմանալի շրջադարձներ ունի անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում: Թարգմանել է Վանուհի Բաղմանյանը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը բարելավել և վեցերորդ հորիզոնականում է հայտնվել Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը»: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «ցուրտ ու մութ տարիները», այդ օրերի համաժողովրդական ընդվզումը, կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ Խմբագրել է Արմինե Բոյաջյանը:

Մեր աղյուսակ է վերադարձել նաև Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն: Այն յոթերորդ տեղում է: Հեղինակի առաջին գիրքն է, որը կարճ ժամանակում դարձավ բեսթսելեր: Գիրքը սիրո և նվիրման յուրօրինակ ձոներգ է: Գրախանութներում է ժողովածուի  վեցերորդ թողարկումը: Այն խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը:

Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը» ութերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Իններորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպն է: Գերմանացի մեծանուն գրողի այս երկը նրա ամենահայտնի գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: Թարգմանիչն է Արա Առաքելյանը, խմբագիրը՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: Անգլերենից թարգմանել է Ալինա Միրզոյանը, խմբագրել՝ Հովիկ Վարդումյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 32
2 -1 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 30
3 0 Էդգար Կոստանդյան «Սովորական երկիր» Հեղինակային հրատ. 30
4 0 Արմեն Նիազյան «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» Հեղինակային հրատ. 13
5 * Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար Էդիթ Պրինտ 12
6 +3 Դավիթ Սամվելյան «Ռոդենի ձմեռը» Ասողիկ 10
7 * Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» Անտարես 10
8 * Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» Անտարես 9
9 * Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» Անտարես 9
10 -3 Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» Էդիթ Պրինտ 8

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]