Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանը նշվեց գեղեցիկ ցերեկույթով

Նկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանը նշվեց գեղեցիկ ցերեկույթով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Թադևոսյանը մայր ոգու, գույնի, բնության նկարիչ է: Թադևոսյանական բնությունը լուսեղեն է, զուլալ ու մաքուր իր ազգային առանձնահատկություններով, գունային համադրությամբ: Այս մասին նկարչի 80-ամյակին նվիրված միջոցառմանն ասաց բանաստեղծ, խմբագիր, հրապարակախոս Լավրենտի Միրզոյանը: Ցերեկույթն անցկացվեց ապրիլի 18-ին Հայաստանի ազգային գրադարանում:

Լավրենտի Միրզոյանի խոսքով` Հրանտ Թադևոսյանը նկարիչ է, որի արվեստը շատ բարձր կգնահատվի վաղը: Նա շեշտեց, որ վերջերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի աջակցությամբ լույս է տեսել Թադևոսյանի կտավների պատկերագիրքը` բաղկացած 300 էջից, իսկ պատկերագրքի առաջաբանը գրել է ինքը:

«Ես և մեր ողջ անձնակազմը շնորհավորում ենք մեծ վարպետին ծննդյան կապակցությամբ և շնորհակալություն հայտնում նրան, որ կարողանում է իր թանկագին ժամանակը տրամադրել ուսանողներին և նպաստել  նրանց կրթությանն ու զարգացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Իր ստեղծագործությունների առանձնահատկությունների մասին խոսելով` Հրանտ Թադևոսյանն ասաց, որ ապրում է Հայաստան աշխարհում և այս արևավառ երկրում անհնար է գորշ գույներ նկատել: «Աշխատում եմ ստեղծել կտավներ, որոնք դիտելիս   չմռայլվեն, մտորումների մեջ չընկնեն: Կտավներս պայծառ են, ուրախ, զվարթ, երբ մարդիկ դրանք տեսնում են, և նրանց դեմքը լուսավորվում է, հասկանում եմ, որ զուր չեմ աշխատել և նկարը նպատակին հասել է, կտավի և արվեստասերի միջև երկխոսությունը կայացել է»,-շեշտեց նկարիչը:

Թադևոսյանը ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր ծայրերում, հաջողությունների հասել իր ընտրած բնագավառում և այսօր իր կյանքի մեծագույն ձեռքբերումն է համարում այն, որ, չնայած տարիքին, պարապ չէ, աշխատում է, միտքը գործում է, աչքը տեսնում է:

«Ցանկացած կտավ ավարտելիս, վերջին վրձնահարվածը թելադրում է հաջորդ գործի սկիզբը: Կան կոմպոզիցիոն ստեղծագործություններ, բնանկարներ, նատյուրմորտներ և այլն: Պետք է նկատեմ, որ իմ ցուցահանդեսներում աշխատում եմ միապաղաղություն չլինի. բնապատկերի կողքին այլ թեմայի  կտավ եմ  կախում, որ արվեստասերը մի տրամադրությունից անցում կատարի մեկ այլ հոգեվիճակի, չձանձրանա»,-խոստովանեց Թադևոսյանը:

Նա կարծում է, որ կտավներում երբևէ շատախոսություն չպետք է լինի:

Խոսելով իր երազանքների մասին` նա ընդգծեց, որ հայ ազգը շատ խելացի է, ստեղծագործող և այն բարոյական ապրելու իրավունք ունի: «Երազում եմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, իսկ մարդիկ արժանավայել ապրեն»,-եզրափակեց նա:

Հրանտ Թադևոսյանը (Թաթոս)  ծնվել է 1940 թվականի ապրիլի 20-ին Շիրակի մարզում: Նա միակ հայ նկարիչն է, ով «ՀՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական նկարիչ» կոչումները ստացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք:

Հրանտ Թադևոսյանը սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։ 2008-ից դասավանդում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր է:

Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Գերմանիայում, Փարիզում, Ժնևում, Լոս Անջելեսում և այլուր:

«Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի կտավները, լինի բնանկար, նատյուրմորտ, բոլորն էլ հայկական արմատներ ունեն, շատ խորը և ինձ շատ հարազատ արմատներ։ Հրանտ Թադևոսյանը եզակի բնանկարիչ է, մեծ արվեստագետ։ Ես անսահման հպարտ եմ, որ նա կա համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ։ Ես անսահման հպարտ եմ, որ նա իմ ընկերն ու ցեղակիցն է»,-այսպես է Հրանտ Թադևոսյանի մասին խոսել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]