Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները հանրահավաք անցկացրեցին Հանրապետության հրապարակում


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցներն ապրիլի 17-ին հանրահավաք անցկացրեցին Հանրապետության հրապարակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով կոնկրետ գործողություններին՝ Փաշինյանը նշեց, որ իրենք որդեգրել են ցանցային մեթոդ, իսկ շարժման տանող ուժը յուրաքանչյուր քաղաքացին է: Նրա խոսքով՝ շարժումն ունի մեկ առաջնորդ, որը յուրաքանչյուր քաղաքացին է: Փաշինյանը շեշտեց, որ իրենք այդ քայլերով պատրաստվում են իրականացնել ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Նա հայտնեց նաև, որ պատրաստվում են ձևավորել շարժման ղեկավար կոմիտեներ, որոնք կգործեն հանրապետության տարբեր վայրերում:

«Պարտադիր չէ Ֆրանսիայի հրապարակում գիշերելը: Կարծում եմ, որ շարժման մասնակիցները վաստակել են այս օրը տանը գիշերելու իրավունքը»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով նշեց, որ օրվա ընթացքում գործողություններ են իրականացրել, սակայն երբեմն կարծիքներ են հնչել, թե կա այնպիսի տրամադրություն, թե գործողությունների ընթացքում միայնակ են եղել: Գրիգորյանը վստահեցրեց, որ դա այդպես չէ: «Բոլորս պահպանում ենք խաղաղ ցույցերի և հանրահավաքների սկզբունքները և դրանք չեն խախտվում: Որևէ մեկը եթե բռնության է դիմում, պետք է նրան մեկուսացնել, չթողնել, որ նման գործողություններ իրականացնի: Պետք է կատարել այն ամենը, ինչը համապատասխանում է խաղաղ անհնազանդության պայքարի սկզբունքներին»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը

Ելույթներով հանդես եկան նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Տիգրան Ավինյանը:

Հանրահավաքն ավարտվեց երթով:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ