Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Կառավարման փորձառությամբ շարունակելու եք ջանքերը մեր ժողովրդի առաջընթացի ապահովման գործում. Գարեգին Բ-ն շնորհավորել է Սերժ Սարգսյանին


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս գարեգին Բ-ն շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում, մասնավորապես ասված է.

«Մեծարգո Վարչապետ,

Մեր ողջույններն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

Ազգային ժողովն այսօր Ձեզ ընտրեց Վարչապետ՝ վստահությամբ, որ

կառավարման Ձեր բազմամյա փորձառությամբ և նոր հանգամանքով շարունակելու եք Ձեր ջանքերը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի ապահովման ու զորացման, հայրենի մեր երկրի խաղաղության ու կայունության պահպանման և միջազգային հարթակներում ազգային շահերը պաշտպանելու գործում։ Մեր երկիրն ու ժողովուրդը տակավին գտնվում են սահմանների անվտանգության ապահովման, արցախյան հիմնախնդրի կարգավորման հրամայականների հանդիման, ինչպես նաև ներքին կյանքի տարբեր դժվարությունների ու խնդիրների առջև: Վճռորոշ այս ժամանակահատվածում, որպես մեր երկրի վարչապետ, վերստին Ձեզ է վիճակված հանձնառությամբ պատասխանատվություն ստանձնել՝ հանուն մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և համազգային մեր իղձերի իրականացման:

Ձեր բարձր առաքելության մեջ մեր Եկեղեցին զորավիգ է Ձեզ՝ ի սեր մեր հայրենիքի հզորության և մեր ժողովրդի լուսավոր գալիքի:

Միածնաէջ Սուրբ խորանի առաջ Մեր հայցն ենք ուղղում առ Բարձրյալն Աստված, որ Տերը օրհնի և զորակից լինի Ձեզ և շնորհի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ Ձեր գործունեության ճանապարհին։

Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Ձեզ և շնորհի քաջառողջ կյանքի երկար տարիներ և ամենայն բարիք»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ