Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատ­րաստ ենք առաջ գնալ հայրենիքի զարգացման ճանապարհով. Սերժ Սարգսյանի խոսքը քվեարկությունից հետո

 Պատ­րաստ ենք առաջ գնալ հայրենիքի զարգացման ճանապարհով. Սերժ Սարգսյանի 
խոսքը քվեարկությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքը ԱԺ հատուկ նիստում քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:  

«Ազգային ժողովի հարգարժա՛ն նախա­գահ,

Հարգելի՛ պատգամավորներ

Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Հայաս­տանի հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական դաշնակցության իմ գործընկերներին վարչապետի պաշտոնում իմ թեկնա­ծությունն առաջադրելու և Ազգային ժողովում պաշտպանելու համար։ Մենք՝ որ­պես  քաղաքական կոալիցիա, լուրջ պա­տաս­խանատ­վություն ենք ստանձնել, գիտակցում ենք դրա մասշտաբ­ները և համադրված  հետևողական աշխատանքով պատ­րաստ ենք առաջ գնալ հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի համար ավելի որակյալ կյանքի պայմաններ ապահովելու ճանապարհով։

Շնորհակալ եմ «Ծառուկյան դաշինքի» բոլոր գործընկերներին։ Վստա­հեցնում եմ, որ ձեր պատվախնդիր գործունեությունը խորհրդարանում քաղաքական կոալիցիայի համար միշտ հսկիչ դեր է ունեցել։ Դուք կարողացել եք վեր կանգնել «մենք ընդ­դիմադիր ենք և ամեն ինչ պետք է քննա­դատենք կամ միշտ դեմ քվեարկենք» պար­զունակ գործելաոճից։ Անհրաժեշտ պահերին ձեր դիրքորոշման հիմքում դրել եք ոչ թե կուսակցական, այլ պետական շահը։ Հենց սա գիտակցելով է, որ ձեր քննադատությունն ընկալվում է որպես անաչառ և ստիպում քաղաքականություն իրականացնողներին առաջնային ուշադրություն դարձնել դրան։ Հավատացնում եմ՝ իշխանությունը մշտա­պես իր մեջքին զգում է ձեր աչալուրջ շնչառությունը, և դա իսկապես սթափեցնող է։

Շնորհակալ եմ «Ելք» դաշինքի գործընկեր­ներին։ Ակտիվ պառլա­մենտարիզմը կարող է կայանալ միայն ամենօրյա աշխատանքով, մտքերի ու մոտեցումների բախմամբ, համատեղ՝ բարդույթներից զերծ աշխատանքով և մշտապես սովորելով։ Շնորհակալ եմ ձեր դերա­կատարության համար։ Սահմանադ­րության պահանջով մենք այսուհետ անմիջական շփումների շատ ու շատ առիթներ ենք ունենալու։ Հուսով եմ, որ արագ հաղթա­հարվելու են առկա շատ թյուրըմռնումներ ու կա­ղա­պարված պատկերացումներ, որոնք կան, և, անկախ մեր քաղաքական տարա­ձայնություններից, մենք լավ բարեկամներ ենք դառնալու։ Եթե կընդունեք երեք խորհուրդ ձեզ: Առաջին՝ իրոք, խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից, պետք է ունակություն ունենալ լսելու: Այդ բարդույթը դրսևորվեց այս դահլիճում, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց՝ պատասխան ստանալու ակնկալիքներով: Ձեր հարցադրումները, որ այս ամբիոնից հնչեցին ելույթի տեսքով, չէին ակնկալում պատասխաններ, և սա վատ է: Դա ձեզ համար նաև օգտակար կլինի: Իրոք, տեղյակ կլինեք իրավիճակին: Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհում հրճվելու  բարդույթի համար, բայց այդ բարդույթը կարծես թե ձեզ ավելի է բնորոշ. դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք, չունենալով այդ իրավունքը, խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով հանդերձ, որ վերջացավ. Սահմանադրական բարեփոխումներից հետո որևէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու: Ժողովրդի անունից կարող է խոսել միայն քաղաքական մեծամասնությունը, և երբ սովորենք հարգել առաջին հերթին Սահմանադրությունը, այն ժամանակ մեր գործերը նորմալ են գնալու:

Երկրորդ՝ իմ  շատ երիտասարդ գործընկերոջը, որ տեսնում եմ քաղաքական մեծ ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս, ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Հասկանու՞մ եք՝ սա դատարան չէ, որտեղ դատավճիռներ են ընթերցում և մեղադրում: Մեղադրում են միայն դատարանում: Այստեղ դուք կարող եք պատասխանատվության կանչել: Քաղաքական պատասխանատվությունը, այո, ես ընդունում եմ: Քաղաքական պատասխանատվությունը և՛ լավի, և՛ վատի համար: Եթե ձեզ թվում է, թե մենք 1990-ական թվականներից էլ հետ ենք գնացել, ապա ինչ կարող եմ ասել, այդպես էլ մտածեք, եթե իմ խորհուրդը չեք ընդունել: Բայց միևնույն ժամանակ նորից եմ ասում, գիտակցեք, որ սա խորհրդարան է, և խորհրդարանում օրենքներ են ընդունվում, որոշումներ են կայացվում, բայց ոչ երբեք դատավճիռներ:

Երրորդ խորհուրդս հետևյալն է՝ դուք ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու համար: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, շատ, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել:

Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պետք է գան և Ազգային ժողովի շենքում ձեր աշխատասենյակների մեջ նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն, դրանք ձեր մոտեցումներն են, դրանք ձեր պատկերացումներն են: Եթե ոչ՝ դուք հակառակ կողմում պետք է լինեք. դուք պետք է լինեք օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց: Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին: Բայց ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է՝ ո՛չ պարտադրանք, ո՛չ դատավճիռ և ո՛չ էլ մեղադրանք:

Շնորհակալ եմ Ազգային ժողովի ղեկավա­րությանը և աշխա­տակազմին կարևորագույն այս քաղաքական գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։ Պարո՛ն Բաբլոյան, շնորհա­կալ եմ:

Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ մենք ավելի հանգամանալից կխոսենք մեր երկրի զարգացման և մեր խնդիր­ների լուծմանն առնչվող պատկերացումների մասին։ Այժմ սկսվում է կառա­վարություն ձևավորելու փուլը, որը երկար չի տևի։ Ծրագրի քննարկման ժամանակ մենք արդեն կկարողանանք արձանագրել, որ Սահմա­նադրությամբ նախա­տեսված անցումը դեպի խորհրդարանական կառավարման համա­կարգ գոնե թե ինստիտուտների ձևավորման առումով մենք պատշաճ հաղ­թահարել ենք։ Եկել է այդ ինստիտուտներին միս ու արյուն, բովանդակություն տալու ժամանակը, ինչը, վստահ եմ, միասին կանենք։

Իսկ մինչ այդ, հաջողություն և լավ տրա­մադրություն եմ մաղթում բոլորիդ և ցանկանում եմ, որպեսզի բոլորս միասին կարողանանք հաղթահարել բարդութավորված մարդկանց գործելաոճը և վերադառնանք կառուցողական դաշտ: Սա՛ է պահանջում Հայաստանի Հանրապետության շահը: Սա՛ պահանջում մեր ժողովրդի ապագան:

Շնորհակալ եմ բոլորիդ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]