Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Սա խորհրդարանական համակարգում ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետն է. Սերժ Սարգսյանը պատասխանեց հնչեցված քննադատությանը


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությունից առաջ իր եզրափակիչ ելույթում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր հասցեին հնչած քննադատությանը: Նա ընդգծեց, որ քննադատների առաջին խմբի մոտեցումն այն է, որ Հայաստանի երրորդ նախագահի կառավարման տարիներին եղել են այսինչ կամ այնինչ չլուծված խնդիրներ, մեջբերվում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկատարված: «Մեջբերվում են տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, մեթոդոլոգիական կոպիտ խախտումներով կատարված համադրություններով փորձ է արվում եզրակացնել, թե իբր անցած 10 տարիները անարդյունավետ էին: Դա արվում է կոալիցիայի վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ: Ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հետագայում լավ անել: Սա է ուղերձը: Սա, թերևս, պարզունակ մարտավարություն է, սակայն ինչ-որ առումով կարող է արդյունավետ լինել դրված նպատակի համատեքստում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սերժ Սարգսյանը:

Նա շեշտեց, որ 2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակը մեր հայրենիքի, մեր զավակների ու թոռների կյանքի մաս կազմող կարևոր ժամանակահատվածն է: «այդ ընթացքում մենք երկու խոշոր տնտեսական ճգնաժամեր ենք դիմագրավել. Պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, մեր անվտանգության ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերներ ենք կանգնեցրել, վատ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել կամ սկսել, կարողացել ենք պարզաճակատ կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարթակում և ուղիղ նայել մեր բոլոր գործընկերների աչքերին: Անցած 10 տարին մեր երկրի ու բոլորիս պատմությունն է, Սերժ Սարգսյանի պատմությունը չէ: Եվ չարժե ամեն գնով սևացնել այն, ինչ է, թե հարկ կա  թուլացնել քաղաքական մրցակցին, արդար չէ»,- ասաց Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ այսօր շրջանառվող սիրողական իբր ամփոփումների փոխարեն այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծություններ կլինեն, մասնագիտական ուսումնասիրություններ ու հրապարակումներ կլինեն: «Չեն կարող չլինել, և ի վերջո պատմությունն է տալու իրական գնահատականը»,- նշեց վարչապետի թեկնածուն:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնում իր առաջադրումը որպես կառավարման երրորդ ժամկետ ներկայացնելու  և իր նախկին հայտարարություններում հակասություններ գտնելու փորձերին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ հարցերի այս խումբը քննարկվեց հարկ եղածից ավել՝ չնայած քննարկելու շատ բան էլ չկար: «Շատ լավ հասկանում եմ, որ սահմանադրական բարեփոխումներով մենք ոչ միայն կառավարման համակարգ ենք փոխել, այլ նաև կառավարման ողջ փիլիսոփայությունը, և տարիներ ի վեր արմատացած ընկալումները չեն կարող արագ փոխվել: Առավելագույնը երկու տարի հետո, վստահ եմ՝ ոչ մեկի մտքով չի անցնելու քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի  առաջադրած վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի հանրապետության նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը որպես իշխանության շարունակություն կամ երրորդ ժամկետ: Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում արդեն գոյություն չունի առաջնային մանդատով օժտված գործադիր իշխանության ղեկավար: Սահմանադրական փոփոխություններով համապետական մակարդակում առաջնային մանդատով օժտված մեկ մարմին կա: Դա Ազգային ժողովն է, որից ծնունդ են առնում իշխանության մյուս ճյուղերը: Դեռ ամբողջությամբ չի ընկալվել այն գաղափարը, որ որքան էլ մեծ լինի վարչապետի լիազորությունն ապագա կառավարությունում, այն անհամեմատելի է կիսանախագահական կառավարման համակարգում հանրապետության նախագահի դերակատարության հետ թեկուզ հենց այն պատճառով, որ նախագահը երբեք քաղաքական պատասխանատվություն չի կրել Ազգային ժողովի առջև:

Նա հավելեց, որ մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ: «Սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը, այլ կառավարման խորհրդարանական համակարգում Հանրապետական կուսակցության ղեկավարման առաջին ժամկետը: Չի ընկալվո՞ւմ այս տարբերությունը քննադատողների կողմից, վստահ եմ, որ ընկալվում է: Սակայն ժանրի կանոնն է, երբ ամեն ինչ հարթ է ընթանում, որևէ բանի վրա պետք է կենտրոնանալ և անընդհատ կրկնել: Բա հո ձեռքները ծալած չե՞ն նստելու»,- նշեց Սերժ Սարգսյանը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ