Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

#CultTalk. Բրեգովիչը Կուստուրիցայի հետ աշխատանքի, Ազնավուրին սիրելու ու երաժիշտներին թեյավճար բաժանելու մասին

#CultTalk. Բրեգովիչը Կուստուրիցայի հետ աշխատանքի, Ազնավուրին սիրելու ու 
երաժիշտներին թեյավճար բաժանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ»… ճանաչված ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերում հնչում է հենց նրա երաժշտությունը:

Նրա երաժշտությունն իր մեջ ամփոփում է բալկանյան, հունական, հռոմեական, գնչուական հնչերանգներ: Դպրոցական տարիներին նրան հեռացրին երաժշտական դպրոցից, որտեղ նա ջութակ էր սովորում, պատճառաբանելով, որ վերջինս «տաղանդից զուրկ է»: Նրա կյանքն ամբողջությամբ փոխվեց, երբ մայրը նրան կիթառ նվիրեց: Արտիստը սերբական կենսուրախ, գեղեցիկ երաժշտությունը հասցրեց բոլորովին այլ մակարդակի:

Ճանաչված կոմպոզիտոր և կիթառահար Գորան Բրեգովիչը համերգով Հայաստանում էր Mezzo Production-ի հրավերով:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բրեգովիչն առաջին անգամ չէր մեր երկրում. 2010 թ. նա իր նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել յուրահատուկ համերգով։ Իր երևանյան այցի շրջանակում Բրեգովիչը բացառիկ հարցազրույց տվեց «Արմենպրես»-ին՝ պատմելով իր նվագախմբի, Էմիր Կուստուրիցայի հետ աշխատանքի, ոգեշնչվածության  մասին:

Բրեգովիչն իր «Հարսանիքի և թաղման նվագախմբի» մասին

Մինչև ինձ հետ հանդես գալն այս նվագախմբի անդամները նվագել են հարսանիքների ու թաղումների ժամանակ: Սկզբում կատակով նրանց անվանում էի «Հարսանիքի և թաղման նվագախումբ»: Հետո սիրեցի այդ անունը:

Ելույթների ընդմիջումներին բեմում երաժիշտներին գումար բաժանելու մասին

Երբեմն այդպես եմ անում: Բալկաններում ընդունված երևույթ է: Չգիտեմ՝ ձեզ մոտ ընդունվա՞ծ է երաժիշտներին թեյավճար տալը, բայց Բալկաններում սովորական բան է:

Երաժշտական դպրոցից «տաղանդի բացակայության համար» հեռացնելու մասին

Ես միշտ տաղանդավոր եմ եղել: Եթե դու խելացի երեխա ես, ապա հասկանում ես, որ աղջիկները նախընտրում են կիթառահարների և ոչ ջութակահարների: Ի դեպ, կիթառն ինձ համար մայրս էր գնել:

Ոգեշնչվելու երաժշտություն

Ես միջին դասակարգի ընտանիքից եմ, միջին դասակարգը սիրում է ավանդական երաժշտություն: Իմ երաժշտությունը մշտապես ոգեշնչված է եղել ավանդական մեղեդիներից: Այսօր էլ ոչինչ չի փոխվել: Պետք է ասեմ, որ երաժշտության պատմության մեջ բոլոր լուրջ կոմպոզիտորները ոգեշնչվել են ավանդական երաժշտությունից:

...Ես շատ փոքր երաժշտական երկրից եմ, բայց այնպես է ստացվել, որ ես համերգներով հանդես եմ գալիս Հայաստանում, Իսլանդիայում, Սիբիրում, Նոր Զելանդիայում ու ամբողջ աշխարհում:

Բալկանյան կինոյի հանճար Էմիր Կուստուրիցայի հետ աշխատանքի մասին

Մենք երկուսս էլ Սարաևոյից ենք: Այնտեղ, ինչպես և Երևանում, բոլորը բոլորին ճանաչում են: Ես Կուստուրիցայի առաջին ֆիլմի՝ «Գնչուների ժամանակի» համար երաժշտություն գրեցի հանուն ընկերության: Այդ ժամանակ ես իմ երկրում ամենամեծ ռոքնռոլ աստղն էի: Բայց գիտեք, ռոք աստղերը կինոնկարների համար երաժշտություն չեն գրում: Դա անելու համար ո՛չ բավարար փող են տալիս, ո՛չ բավարար փառքի ես արժանանում: Երկրորդն «Արիզոնյան երազանք»-ն էր. մեր երկրում սկսվեց պատերազմը… Բարեբախտաբար, այդ ժամանակ ես ու Կուստուրիցան Փարիզում էինք:

Հայաստանի ու իր երկրի նմանությունների մասին

Ձեր երկրի դիրքով պայմանավորված՝ ձեր երաժշտությունում կարելի է նկատել տարբեր երաժշտական մշակույթների տարրեր: Նույնը կարելի է ասել իմ երկրի մասին: Յուրաքանչյուր մշակույթ կրում է որոշակի ազդեցություններ:

… Իհարկե, սիրում եմ Շառլ Ազնավուրի երգերը: Ես ունեմ նաև ձեր ազգային երգերի ձայնագրություններ: Հիշում եմ, որ նախորդ անգամ, երբ այստեղ էի, ընթրիքի ժամանակ հյուրանոցում հարսանիքի ականատես եղանք: Եվ երեկոյի ժամանակ հանդես եկող երաժիշտներն այնքա՜ն լավն էին, այնքա՜ն հրաշալի երաժշտություն էին նվագում: Դուք շատ երաժշտական ազգ եք:

Երաժշտություն գրելու ոգեշնչում

Ի՞նչ է ոգեշնչումը… Գիտե՞ք, մարդիկ մտածում են, թե կոմպոզիտորը նստում է դաշնամուրի դիմաց, արևածագ է, և հանկարծ մուսան նստում է կոմպոզիտորի ուսին: Բայց երբեք այդպես չէ: Ոգեշնչումը երկար գործընթաց է: Դու չգիտես՝ որտեղից է ամեն ինչ հայտնվում: Կոմպոզիտորներն ենթագիտակցաբար «գողեր են»: Չգիտեմ՝ որտեղից եմ ինչ-որ բան փոխ առնում, ինչ-որ բան լսում…

Հ.Գ. «Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝ «#CultTalk. խոսելով մշակույթի մասին» նախագծի հերոսները հայկական մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի՝ մշակույթի մասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել ժամանակակից մշակույթը. մեր հերոսներն անդրադառնում են իրենց ծրագրերին, գաղափարներին, ներկայացնում իրենց գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները: #CultTalk-ի շրջանակում ձեզ ենք ներկայացնում նաև հարցազրույցներ համաշխարհային աստղերի հետ:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]