1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չորս միլիոն քաղաքացի ունենալն իրատեսական է. Սերժ Սարգսյան

Չորս միլիոն քաղաքացի ունենալն իրատեսական է. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մինչև 2040 թվականը 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունը ոչ թե պարզապես հայտարարություն էր, որը հնչեց ամբիոնից, այլ իրատեսական հայտարարություն, որը ՀՀԿ-ն անպայման իրականացնելու է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ Ազգային ժողովի նիստում ՀՅԴ կուսակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ իրեն ուղղված հարցին այսպես պատասխանեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞ մշակել ու հաստատել ժողովրդագրական պետական քաղաքականության հայեցակարգ և եթե այո, ապա ի՞նչ հայեցակարգային հիմնադրույթներ կառանձնացներ այդ ուղղությամբ, Սարգսյանը պատասխանեց. «Մենք արդեն ձեռնամուխ էինք եղել այդպիսի ծրագրի իրականացմանը: Դեռևս երրորդ նախագահի պաշտոնում ես մի քանի խորհրդակցություններ եմ ունեցել, և քանի որ այդ պաշտոնում թե՛ որպես երրորդ նախագահ և թե՛ որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար մենք նաև գծագրում էինք նոր կառավարության կառուցվածքը, այդտեղ համապատասխան ստորաբաժանում ենք նախատեսել, որպեսզի այն ամենօրյա ռեժիմով զբաղվի այդ խնդրով: Կարծում եմ՝ մոտակա շաբաթների ընթացքում կհաստատենք մինչև 2030 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը, որտեղ ներառված կլինեն բազմաթիվ դրույթներ՝ նաև մինչև 2040 թվականն անցնելիք ճանապարհի մասին: Կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի կլինի, որ մինչև 2040 թվականը 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունը ոչ միայն հայտարարություն էր, որ հնչեց ամբիոնից, այլև իրատեսական հայտարարություն էր, որը մենք անպայման իրականացնելու ենք»:

ՀՀ վարչապետի թեկնածուն հատկապես ընդգծեց, որ այդ հարցում նա ապավինում է ՀՅԴ օժանդակությանը, որովհետև ներգաղթի կազմակերպման պարագայում կուսակցությունը լավագույն օժանդակությունը կարող է ցուցաբերել:

«Հասկանալով, որ, իհարկե, մենք չենք կարող միլիոնավոր մարդկանց համոզել գալ Հայաստան, բայց առնվազն հարյուր հազարներին կարող ենք համոզել, որովհետև նախ բոլորը չէ, որ Հայաստանից արտագաղթելով հասել են իրենց երազանքի իրականացմանը, և որոշակի տնտեսական պայմաններ ապահովելու պարագայում գոնե նրանք կսկսեն լրջորեն մտածել: Իսկ եթե մեզ հաջողվի նաև խաղաղ ճանապարհով լուծելու մեր անվտանգության խնդիրները, կարծում եմ, որ ներգաղթը կլինի շատ էական»,- հայտարարեց վարչապետի թեկնածուն:

Նա չհամաձայնեց այն մտքին, որ կրճատվում են գիտությանն ու առողջապահությանը հատկացվող միջոցները: Հակառակը, Սարգսյանը շեշտեց, որ կրթության հնարավորություններն ավելանում են: «Հորիզոն 2020-ը միլիարդավոր եվրոներ ունի այդ նպատակին հասնելու, դրանից օգտվելու համար: Եթե գիտությունը դիտարկենք որպես սոցիալական խնդիր, կարծում եմ՝ շատ առաջ չենք գնա: Ես ակադեմիայում շատ երկար զրուցել եմ ղեկավարության, տարբեր մասնագետների հետ այս առումով: Մենք պետք է գնանք օպտիմալացման: Հայաստանում ունենանք այնքան գիտնական, որքան անհրաժեշտ է Հայաստանին: Դա, իհարկե, շատ դժվար լուծելի խնդիր է, բայց, կարծում եմ, կլուծենք՝ հատկապես, որ այս լսարանում հանգամանորեն քննարկեցինք բարձրագույն կրթության մասին օրենքը, որը սկիզբն է, հիմքն է Հայաստանում կրթության զարգացման»,- ասաց Սերժ Սարգսյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]