Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՌԴ-ի, ԵՄ-ի և Իրանի հետ. Սերժ Սարգսյան

ՀՀ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՌԴ-ի, ԵՄ-ի և Իրանի հետ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակելու է քաղաքական և տնտեսական համագործակցությունը դաշնակից Ռուսաստանի, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրների հետ, շարունակելու է բարեկամական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ակտիվ գործընկերությունը՝ Եվրոպական Միության հետ: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հարցին, թե ի՞նչ քաղաքականություն է տանելու Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք-Իրան հակասությունների համատեքստում: «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում և Իրանում մենք ունենք հետաքրքրություններ, ունենք շուկաներ, այդ երկրները շատ կարևոր նշանակություն ունեն մեր տարածաշրջանում կայունություն պահպանելու գործում: Անշուշտ մենք շարունակելու ենք ակտիվ համագործակցությունը Եվրամիության հետ, և կարծում եմ, որ մենք արդեն հուլիսի 1-ից կսկսենք իրականացնել այն դրույթները, որոնք ներառված են Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված պայմանագրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի հետ, որովհետև ուղղակի չի կարող չհամագործակցել, որովհետև մեր երկրի ընդհանուր քաղաքական գաղափարախոսությունը հետևյալն է՝ միշտ շահել համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտի հաշվին: Նրա խոսքով՝ դա անհեռանկար, անհեռատես քաղաքականություն է: «Եվ իրականության մեջ մենք տեսել ենք, և մեր իրականության մեջ ունենք օրինակներ, թե ինչի կարող է բերել հակառակ քաղաքականությունը, այն է՝ փորձել շահել ինչ-որ հակասությունների պայմաններում, դա մեզ ձեռնտու չէ»,- ասաց Սարգսյանը:

Վարչապետի թեկնածուն նաև նշեց, որ Հայաստանի առևտրաշրջանառության 1/3-ը բաժին է ընկնում ՌԴ-ին և ԵԱՏՄ-ին, 1/3-ը՝ ԵՄ-ին և նույնքանը այլ շուկաներին: Նրա խոսքով՝ այստեղ էլ ամեն ինչ դիվերսիֆիկացված է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]