Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Հայաստանի ցանկությունն է ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով. Սերժ Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ապրիլի 17-ին մեկնարկած նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարց ուղղեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Բեքարյանը, մասնավորապես, նշեց, որ այն լավատեսություն չի ներշնչում: «Բոլորի համար հստակ է, որ դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական մոտեցումներով եւ կեցվածքով»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ Սերժ Սարգսյանին հարցնելով, թե այս պարագայում  ինչպես է նա պատկերացնում խաղաղ բանակցությունների ապագան եւ ինչ նոր քայլեր է պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի ղեկավարությանն ավելի կառուցողական բանակցությունների հուն վերադարձնելու համար:

Վարչապետի թեկնածուն նշեց, որ բանակցային գործընթացը, իսկապես, լավատեսություն չի ներշնչումիսկ ավելի հստակորեն, նրա խոսքով, այս գործընթացն ուղղակի կանգնած է, քանի որ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են եւ անընդունելի:

«Պետք է ասեմ, որ մինչ այս փուլը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի  բանակցային գործընթացում աշխուժություն տիրի, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան եւ հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլ նաեւ վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու եւ այլ հարցերով մեր հանդիպումերն ու բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ  հետո, պարզվում է, որ անտեղի են, որովհետեւ մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Սերժ Սարգսյանը նշեց, որ հիմքում ունենալով Արցախի Հանրապետության նախագահի, ղեկավարության պնդումները՝ եւս մեկ անգամ հայտարարում է.

«Մենք պատրաստ ենք, եւ մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը, եւ այդ խնդիրը կարող է լուծվել, բանակցային գործընթացը կարող է  ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի Հանրապետության կողմից: Այդպես լինել չի կարող»,-նշեց նա:

Իսկ ինչ վերաբերում է առաջիկայում ձեռնարկվելիք քայլերին, Սերժ Սարգսյանն ասաց, որ  ապագան ցույց կտա՝ ինչ լրացուցիչ քայլեր կարող են ձեռնարկել, որպեսզի այդ կարեւորագույն խնդիրներից մեկը ստանա արդյունավետ լուծում:

Կարեն Բեքարյանը հարցրեց՝ արդյոք կարելի է ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար այս դիրքորոշումը լիարժեք ընկալելի է եւ ընկալված, Սերժ Սարգսյանն ասաց.

«Կարծում եմ՝ նրանք լիարժեք ընկալում են, եւ ոչ միայն համանախագահող պաշտոնատար անձինք, ովքեր անմիջապես իրականացնում են իրենց միջնորդական առաքելությունը բանակցությունների ընթացքում, այլեւ համանախագահող երկրների ղեկավարությունը, ինչի մասին վկայում են նրանց բազմաթիվ հայտարարությունները: Բոլորի համար ամեն ինչ պարզ է»,-եզրափակեց նա:

Ապրիլի 17-ին՝ ժամը 12-ին, մեկնարկեց Ազգային ժողովի նիստը, որի շրջանակում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ