Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Ոստիկանությունը հայտարարում է՝ հավաքի մասնակիցները  բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցները բռնություն գործադրում ոստիկանական ծառայողների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ձեռք բերված տեսագրություններում ակնհայտ երևում է, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց  նկատմամբ՝ արգելափակոցներ, քարեր և այլ առարկաներ նետելով  հասարակական կարգի պահպանության իրենց  պարտականություններն իրականացնող ոստիկանության  ծառայողների ուղղությամբ` նրանց պատճառելով մարմնական  վնասվածքներ:
«Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են  ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց  հայտնաբերելու, բերման ենթարկելու և գործի քննությանը նրանց  մասնակցությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ապրիլի 16-ին ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով: Նա «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մտադիր էր անցնել ոստիկանական շղթայի միջով, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, բանակցելով նրա հետ, համաձայնեց նրան և պատգամավորներին թույլ տալ անցնել պատնեշն ու գնալ դեպի խորհրդարան: Փաշինյանը, սակայն, սկսեց հայտարարել, որ մենակ չի գնալու, այլ իր հետ եկածները ևս պետք է անցնեն ոստիկանական ուժերի միջով: Հանդարտության պահպանելու, հակաօրինական քայլեր չանելու Օսիպյանի հորդորին ի պատասխան Փաշինյանը բարձրացավ երկաթե արգելապատնեշի վրա, որից հետո արդեն իրավիճակը դարձավ անկառավարելի: Նրա կողմնակիցները երկաթե արգելապատնեշները բարձրացրին գետնից ու դրանք սկսեցին ուղղել ոստիկանների կողմ: Սկսվեց հրմշտոց: Փաշինյանի կողմնակիցները բարձրացան անգամ այնտեղ կայանված մի մեքենայի վրա: Իրավիճակը Բաղրամյան պողոտայում խիստ լարվեց: Ոստիկանությունն այնտեղ մետաղական փշալար անցկացրեց, կիրառեց հատուկ միջոց՝ ձայնային նռնակ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ