Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը, որի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ ապրիլի 13-ին տեղի ունեցած գործողություններին և իրենց հետագա քայլերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փաշինյանը նշեց, որ այսօր իրականացրել են  «փակիր փողոցը» գործողությունը: «Ապրիլի 17-ին ժամը  12:00-ին նախատեսվում է Ազգային ժողովի  նիստ, ի՞նչ ենք անելու վաղը. «փակիր փողոցը» ակցիան պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով և փակենք ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը»,- ասաց Փաշինյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ ակցիան սկսելու են իրականացնել արդեն այս գիշեր՝ չնայած կարծիքներին, որ «գիշերը մարդիկ չեն մնա և ակցիան թույլ կլինի»:     

«Կարծում  եմ որ պետք է ակցիան սկսել այսօրվանից, ով ուզում է, հենց այսօրվանից էլ պետք է սկսի այն՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններով, հնարավոր բոլոր միջոցներով»,- նշել է Փաշինյանը: Փաշինյանը կողմնակիցներին կոչ արեց իրականացնել ապակենտրոնացված գործողություններ:

Այնուհետև, Աժ պատգամավորն անդրադարձավ Բաղրամյան պողոտայում կեսօրին տեղի ունեցած միջադեպին և նշեց, որ երբ դրա հետևանքով ինքն արնահոսում էր՝ Ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի հանձնարարությամբ ոստիկանական մեքենայով իրեն ուղեկցել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է բուժօգնություն:

Հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարթակ բարձրացավ օպերային երգչուհի ներկայացած հանրահավաքի մասնակից Լիլիթ Հովհաննիսյանը և կատարեց Կոմիտաս:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով  դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:   

  

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ