Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Մրցույթ-խաղեր, սեմինարներ ու ակումբային քննարկումներ երեխաներից մինչև մեծահասակների համար. մեկնարկում է «Իմ ֆինանսների ամիսը»


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և մարզերում մեկ տասնյակից ավելի միջոցառումներ կիրականացվեն հանրության լայն շրջանակների ֆինանսական գիտելիքների և հմտությունների զարգացմանն ուղղված «Իմ ֆինանսների ամիսը» ծրագրի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ամենատարբեր մրցույթների, սեմինար-քննարկումների ձևաչափով միջոցառումների մեկնարկը տրվում է այսօր` ապրիլի 16-ին, և կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Միջոցառումն ամենամյա է և իրականացվում է Կենտրոնական բանկի ու գործընկեր ֆինանսական կառույցների աջակցությամբ: ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի խոսքով` միջոցառումներն ուղղված կլինեն անձնական բյուջեի կառավարման, խնայողության, պարտքի, գնումների, իրավունքների պաշտպանության, զեղծարարությունների ու խարդախությունների թեմաներով հանրության իրազեկվածության բարձրացմանը: «Իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը նշյալ թեմաների շուրջ լայն հանրության տարբեր շերտերին` ուսանողներին, աշակերտներին, չափահաս քաղաքացիներին, հնարավորինս մատչելի ու հասանելի տեղեկատվության տրամադրումն է»,-ասաց Արմենակ Դարբինյանը:

ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կոորդինատոր Սևակ Միքայելյանը նշեց, որ այս տարի կանցկացվեն ինչպես ավանդական դարձած, այնպես էլ նոր միջոցառումներ: «Անցած տարվա միամսյակին ունեցել ենք 10 հազար մասնակից` ուսանողներ, դպրոցականներ, տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ, բավականին դրական արձագանքներ ենք ստացել ամենատարբեր խողովակներով»,-ասաց ԿԲ ներկայացուցիչը:

Նրա խոսքով` այս տարի ևս Երևանի քաղաքապետարանի հետ ավտոբուսներով կիրականացնեն «Ֆինանսական շրջագայություն» դեպի տարբեր ֆինանսական կառույցներ` բանկեր, կենսաթոշակային ակտիվների կառավարչի գրասենյակ և այլն, որտեղ մասնակիցները կարող են ծանոթանալ նրանց գործունեությանը, տալ իրենց հուզող հարցերը: Երևանում` Կենտրոնական բանկում, ինչպես նաև Դիլիջանի ԿԲ հետազոտական կենտրոնում կանցկացվեն բաց սեմինարներ նախապես գրանցվող քաղաքացիների համար: «Կկազմակերպվեն ամենատարբեր մրցույթներ ֆինանսական տարբեր թեմաներով: Երեխաների համար նկարչական մրցույթ կանցկացվի: Ունենք նոր` «Վիքիպեդիա մրցույթը», որը կազմակերպում ենք «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ համագործակցությամբ: Մասնակիցները տարբեր թեմաներով հոդվածներ են գրելու, լավագույնները արտացոլվելու են Վիքիպեդիայի հայերեն հատվածում»,-ասաց Սևակ Միքայելյանը:

«Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության հետ կազմակերպվում է ֆինանսատնտեսական (BRAIN-RING) խաղ-մրցույթը, որի մարզային փուլն արդեն ավարտվել է, եզրափակչի համար ընտրվել են հավաքական թիմեր յուրաքանչյուր մարզից և Երևանից:  Ինը համալսարանների ուսանողների համար էլ իրականացվում է խնայողությունների խաղը, որի նպատակը նրանց շրջանառության խնայողության մշակույթի ձևավորումն է: «Ունենք նոր խաղ փոքրիկ երեխաների համար, որն անցկացնում ենք «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքի հետ: Թիրախը երեխաներն են: Կարևոր է երեխաների մոտ մանուկ հասակից սերմանել ֆինանսատնտեսական մտածողությունը, բարձրացնել նրանց իրազեկվածությունը մի շարք թեմաներով, իհարկե, նրանց համար մատչելի ու պարզ լեզվով»,-հավելեց Սևակ Միքայելյանը:

Մարզերի բնակիչները ևս անմասն չեն մնա նշյալ միջոցառումներից, մասնավորապես, «Ֆինմարզում» խորագրով երկօրյա դասընթացներ կանցկացվեն մարզերի տարբեր քաղաքներում:

Միջոցառումների վերաբերյալ առավել համապարփակ տեղեկատվություն կարելի է ստանալ abcfinance.am կայքի հետևյալ հղումով:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ