Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրումից անցում կկատարեն ծրագրային հավատարմագրման

Բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրումից անցում կկատարեն ծրագրային 
հավատարմագրման

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումից պետք է անցում կատարել ծրագրային հավատարմագրման: Եթե նախկինում իրականացվում էր ադմինիստրատիվ որակի ապահովում, ապա նոր փուլով կրթության որակը պետք է ապահովվի հենց լսարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ապրիլի 16-ին  «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով երկօրյա ֆորումում քննարկվեցին բուհերին տրվող որակավորումների ճանաչման խնդիրն աշխարհում:

«Նախկինում իրականացվում էր ադմինիստրատիվ որակի ապահովում, երբ բուհերը բարելավում էին իրենց փաստաթղթերը, կարգերը: Ներկայում որակը պետք է բարելավվի նաև լսարանում: Պետք է հենց  լսարանում հավաստենք կրթության որակի ապահովումը: Դա մեզ հնարավորություն կտա, որ կրեդիտները ճանաչվեն արտերկրում, և ուսանողները, ինչպես նաև դասախոսները կարողանան շարժունություն ունենալ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս»,-ասաց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն ու հավելեց, որ գործնական քայլերը կլինեն հիմնականում այդ ուղղությամբ:

Հավատարմագրման նոր փուլով բուհերը պետք է հավաստեն, որ իրենց կրթական ծրագրերով բոլոր ուսանողները ձեռք կբերեն այն վերջնական արդյունքները, որը նախատեսել էին: Այսինքն՝ նրանք պետք է դուրս գան աշխատաշուկա՝ որպես մասնագետ: Թոփչյանի կարծիքով՝ ասպիրանտները պետք է սերտ կապի մեջ լինեն և տեղեկացված՝ աշխատաշուկայի այսօրվա կարիքներին: Գիտությունը պետք է աջակցի աշխատաշուկայի զարգացմանը:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքը ներկայում ՀՀ Ազգային ժողովում է: Այն նախատեսում է որակի վերահսկման շատ լուրջ մեխանիզմներ: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի կարծիքով՝ մամուլում քննարկումներն ավելի շատ ծավալվել են երկրորդական խնդիրների շուրջ: «Իրականում օրենքն արմատապես փոխելու է կրթության որակի նկատմամբ պատկերացումները, մասնավորապես ինստիտուցիոնալ հավատարմագրումից պետք է անցում կատարել ծրագրային հավատարմագրման: Սա նշանակում է, որ մենք լուրջ քայլ ենք կատարում բարձրագույն կրթության հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Մկրտչյանը:

Նրա կարծիքով, տարբեր երկրների բուհերի մրցակցությունը փոխվում է համագործակցային փիլիսոփայությամբ: Դա նշանակում է՝ նույն ուղղությամբ հնարավորությունների կենտրոնացում: Հայաստանի նման փոքր երկրները փայլուն հնարավորություն են ստանում դրանով:

Արտերկրից եկած հատուկ հյուրերը ֆորումում ներկայացրին քննարկվող հարցերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները:

Նիդեռլանդների Թվենթեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Դոնալդ Վեսթերհեյդենի խոսքով՝ իրենք պատրաստ էին փոփոխություններ կատարել բարձրագույն կրթության ոլորտում դեռևս մինչ Բոլոնիայի գործընթացի մեկնարկը: Այդ գործընթացը պարզապես համընկել էր իրենց ցանկությունների հետ, և իրենք շատ արագ կարողացել են հասկանալ, որ իրենց անհրաժեշտ է  բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ: «Անհրաժեշտ է նաև, որ ոլորտը լինի ավելի դինամիկ: Հայաստանում կներկայացնենք այն բարեփոխումները, որ իրականացրել ենք: Եվ դա կլինի հաղորդագրություն բոլոր այն մարմիններին, որոնք այդ համակարգից ինչ-ինչ կետեր կվերցնեն»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]