Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տեսողության խանգարում, կեցվածքի շեղումներ, գիրություն. նոր սերնդի տեխնիկան՝ երեխաների մոտ լուրջ խնդիրների պատճառ

Տեսողության խանգարում, կեցվածքի շեղումներ, գիրություն. նոր սերնդի տեխնիկան՝ 
երեխաների մոտ լուրջ խնդիրների պատճառ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսողության խանգարում, կեցվածքի հնարավոր շեղումներ, գիրանալու հավանականություն. նոր սերնդի տեխնիկային օրվա ընթացքում 2 և ավելի ժամ տրամադրելը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի երեխաների և դեռահասների հանրային առողջության ծրագրերի համակարգող Եվա Մովսիսյանը նշեց, որ ապացուցված է՝ այն երեխաները, ովքեր երկար ժամանակ են տրամադրում հեռուստացույցին և համակարգչին, սմարթֆոններին, նրանք ավելի հակված են ոչ առողջ սնունդ օգտագործելուն: Դա էլ կարող է հանգեցնել գիրանալուն:

«Որքան երեխան նստակյաց կյանք է վարում, այնքան քիչ ժամանակ է մնում ֆիզիկական ակտիվության համար: Արդյունքում՝ դեռահասը, երեխան կարող են ունենալ ավելցուկային քաշ: Հայտնի է, որ նստակյաց վարքագիծը, ֆիզիկական ակտիվության պակասը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, երկրորդ տեսակի շաքարային դիաբետի, ճարպակալման և այլն»,-ասաց Եվա Մովսիսյանը:

Վերջին հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ 11-17 տարեկան երեխաները, դեռահասները վարում են նստակյաց կենսակերպ և բավական շատ ժամանակ են տրամադրում հեռուստացույցին, համակարգչին, պլանշետին և այլն: Հարցված 11 տարեկան տղաների և աղջիկների 48 տոկոսը, 13 տարեկան տղաների և աղջիկների շուրջ 60 տոկոսը, 15 տարեկանների ավելի քան 66 տոկոսը շաբաթվա օրերին 2 ժամ և ավելի դիտում են հեռուստացույց: Դեռահասների զգալի մասը նաև ասել է, որ օրվա մեջ 2 և ավելի ժամ է տրամադրում համակարգչային խաղերին: Հանգստյան օրերին պատկերը փոխվում է, և՛ հեռուստացույցը, և՛ համակարգչային խաղերը շատ ավելի հաճախ են օգտագործվում:

 Այս ուսումնասիրություններն արվել են 2013-2014 թվականներին: Նոր հետազոտությունն ընթացքի մեջ է, արդյունքները պատրաստ կլինեն 2019 թվականին:  Իհարկե, նոր արդյունքներն ավելի հստակ պատկերացում կտան իրավիճակի վերաբերյալ, սակայն Եվա Մովսիսյանը նկատեց, որ առանց դրանց էլ ակնհայտ է՝ այսօր նոր սերնդի հեռախոսներն ու պլանշետները շատ ավելի լայն տարածում ունեն, քան տարիներ առաջ:

«Խնդիրը միանշանակ կա: Այսօր նույնիսկ նկատվում է, որ ծնողների թույլտվությամբ ավելի վաղ տարիքի երեխաներն են օգտագործում տեխնիկա: Ամերիկյան մանկական ասոցիացիան ունի ուղեցույց, ըստ որի, մինչև երկու տարեկան երեխաներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում որևէ էլեկտրոնային միջոց՝ ոչ հեռուստացույց, ոչ համակարգիչ, ոչ էլ բջջային հեռախոս»,-ասաց Եվա Մովսիսյանը:

Օրվա ընթացքում երկար ժամանակ տեխնիկային տրամադրելը կարող է հանգեցնել նաև հոգեբանական խնդիրների: Հոգեբան Սամվել Խուդոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նորագույն տեխնիկան, ինչպես նաև որոշ խաղեր կախվածություն են առաջացնում, կան խաղեր, որոնք նաև ագրեսիա են առաջացնում:

«Երկար ժամանակ սմարթֆոններով, պլանշետներով զբաղվելով՝ երեխաները, դեռահասներն ընկնում են վիրտուալ աշխարհ՝ կտրվելով իրականությունից: Կորցնում են առերես շփվելու ունակությունը, վիրտուալ շփումն ավելի են կարևորում: Մեկ այլ խնդիր է, երբ երեխայի ձեռքից վերցնում ես այդ տեխնիկան: Նա բավական տառապում է: Նաև պետք է նկատել, որ տալով ինտերնետի հնարավորություն, կա մտավախություն, որ երեխան իր տարիքին ոչ համապատասխան ինֆորմացիա կարող է ստանալ: Այսօր այնպիսի իրավիճակ ունենք, որ երեխաները դուրս են գալիս բակ իբր իրար հետ խաղալու, բայց սմարթֆոնները ձեռքներն առած ինչ-որ բան են անում»,-ասաց հոգեբանը:

Հոգեբանը նաև խոսեց նոր տեխնիկայի, ինտերնետի դրական կողմերի մասին: Այդ հնարավորություններից օգտվելով՝ դեռահասները կարողանում են հավելյալ տեղեկատվություն, նյութեր քաղել իրենց դասերի հետ կապված:

Մասնագետները կարծում են, որ ճիշտ չէ երեխային ընդհանրապես տեխնիկայից զրկելը, տեխնիկան կարելի է չափի մեջ օգտագործել, օրվա ընթացքում 2 ժամից ոչ ավելի: Նրանք առաջարկում են ծնողներին երեխաների հետ համակարգիչներով, հեռախոսներով զբաղվելու, խաղալու ռեժիմ սահմանել: Այլ ժամերին միասին ֆիլմեր դիտել, խաղեր կազմակերպել:

Մասնագետները նաև կարևորեցին լայնածավալ քարոզչական աշխատանքը երեխաների, դեռահասների, ծնողների, ուսուցիչների շրջանում՝ ներգրավելով մասնագետների, զանգվածային լրատվության միջոցների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]