Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սովորելու հայտ է ներկայացրել արդեն 600 դիմորդ

 Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սովորելու հայտ է 
ներկայացրել արդեն 600 դիմորդ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական կրթությունը մշտապես գտնվելու է  Պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 14-ին Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հիմնադրման 25-ամյակի միջոցառման ժամանակ  այս  մասին հայտարարեց ՀՀ  պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով` ռազմական կրթության հանդեպ մեծ ուշադրության առաջին վկայությունը Դիլիջանում  գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն է:

«Արդեն այս պահին մենք ունենք 10-րդ դասարան ընդունվելու 600 դիմում, երբ դեռ պաշտոնապես չենք հայտարարել ընդունելության ընթացքի մասին: Եթե հաշվի առնենք, որ ավանդաբար այնտեղ ընդունել ենք 70 սան, ապա դա արդեն մոտ 9 դիմորդ է մեկ տեղի համար: Մենք ավելացնելու ենք ընդունելության տեղերի թիվը` հասցնելով այն մինչև 100-ի և վստահ եմ, որ ունենալու ենք շատ լուրջ մրցակցություն  այդ տեղերում սովորելու համար»,- ընդգծեց Սարգսյանը:

Նրա խոսքով` եկող շաբաթ սկսվելու են աշխատանքները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական  համալսարանում  նոր ենթակառուցվածք ձևավորելու և այնտեղ ուսումնական  ու կենցաղային նոր պայմաններ  ստեղծելու առումով: «Մենք ռազմական կրթությունը դարձնելու ենք մրցակցային և խիստ ներգրավված  մեր պետության,  տնտեսության առաջընթացի մեջ»,- ընդգծեց Սարգսյանը: 

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կրթություն են ստանում ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները: Ներկայում սովորողների թիվը 190 է, նրանցից 94-ն ընդունվել են այս տարի: Աշակերտները Հայաստանի տարբեր մարզերից են: Վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ծրագրով, առաջիկայում նախատեսվում է անցում «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրին: Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։ Մասնավորապես՝ սաները տեղավորվել են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։ Մատուցվում է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։ Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Կրթական պրոցեսը երկուշաբթիից ուրբաթ է, հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]