Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել բուժումից վերադարձած զինվորականին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել բուժումից վերադարձած 
զինվորականին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց մայոր Սարգիս Ստեփանյանին, ով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ ամիսներ առաջ մեկնել էր Հնդկաստան` ստանալու վերջույթների պրոթեզավորման համար անհրաժեշտ բուժումը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը, Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետեր տիար Սունիլ Սոբթին և տիկին Սյուզան Ռուբենը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վրթանես Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ սպան, Նորին Սրբության օրհնությամբ ամիսներ առաջ մեկնելով Հնդկաստան, ստացել է անհրաժեշտ բուժում և, օրեր առաջ վերադառնալով հայրենիք, պիտի շարունակի իր ծառայությունը: 
Իր հերթին մայոր Սարգիս Ստեփանյանը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության անդամներին իր բուժումն ու ապաքինումը Հնդկաստանում կազմակերպելու և իրեն ընտանիքով հանդերձ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանում այս ժամանակահատվածում ջերմորեն հյուրընկալելու համար: Զինվորականը վստահեցրեց, որ այս նախաձեռնության շնորհիվ ինքը վերստին հնարավորություն է ստացել շարունակելու իր պարտականությունների իրագործումը:
Այնուհետև Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպանին, հետաքրքրվեց նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով, ապա իր գնահատանքը հայտնեց Հնդկահայոց հոգևոր հովվին և Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության անդամներին նման հայրենանվեր գործունեության համար: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ Մայր Աթոռն այսուհետ ևս կշարունակի այս նախաձեռնությունը` աջակցելով մարտական գործողություններում վիրավորում ստացած զինվորների բուժման գործում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի խաղաղ ու անվտանգ կյանքի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]