Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը. Forbes-ն անդրադարձել է Չերչիլի սիրելի հայկական կոնյակի պատմությանը

Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը. Forbes-ն անդրադարձել է Չերչիլի սիրելի 
հայկական կոնյակի պատմությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կոնյակի արտադրությունը, որը դարերի պատմություն ունի, շարունակում է մնալ որպես խոշոր բիզնես: Երկրի մայրաքաղաք Երևանը կարող է պարծենալ նրանով, որ այստեղ մեկ շնչին բաժին հասնող կոնյակի թորիչներն ավելի շատ են, քան աշխարհի ցանկացած այլ քաղաքում, այդ թվում և ֆրանսիական Կոնյակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է հեղինակավոր Forbes պարբերականում հրապարակված լայնածավալ հոդվածում, որը վերնագրված է՝ «Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը»:

Հեղինակ Ջոզեֆ Միկալեֆը նշում է, որ Հայաստանն առհասարակ հայտնի է որպես գինու արտադրությամբ զբաղվող աշխարհի հնագույն երկիր: Սակայն կոնյակի արտադրությունը ևս դեպի պատմության խորքերը գնացող պատմություն ունի:

Նա ընդգծում է, որ 19-րդ դարի վերջերին Հայաստանում արդեն ծաղկուն կերպով զարգանում էր կոնյակի արտադրությունը: «Հաշվի առնելով կոնյակի հանրաճանաչությունը Ռուսաստանում, որն այդ ժամանակ դաշնակցում էր Ֆրանսիայի հետ, հայկական բրենդին ևս սկսեց անվանվել կոնյակ՝ մի բան, որը ներկայում շարունակվում է Հայաստանում, Ռուսաստանում և հետխորհրդային մի շարք այլ հանրապետություններում»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ հայտնի հայ գործարար Նիկոլայ Շուստովն իրավունք ուներ իր արտադրանքը, որը մատակարարվում էր ռուս ցարին, անվանել կոնյակ: Արդեն 1990 թվականին նրա հիմնած «Շուստով և որդիներ» ընկերության բրենդին Փարիզի Universal Expo-ի ժամանակ խիստ մրցակցության պայմաններում հաղթում է ֆրանսիական Կոնյակ քաղաքի արտադրանքը ներկայացնող ընկերությանը և իրավունք է ստանում պաշտոնապես իր արտադրանքն անվանել «կոնյակ»:

«Խորհրդային Միությունում կոնյակի մեկ քառորդն արտադրվում էր Հայաստանում: 1944 թվականի Յալթային կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին և Ֆրանկլին Ռուզվելտին հրամցնում է «Դվին» անունը կրող հայկական կոնյակ, որն արտադրել էր Երևանի կոնյակի գործարանը»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ համաձայն լեգենդի՝ Չերչիլն այնքան էր հավանել հայկական կոնյակը, որ նա համաձայնության է գալիս Ստալինի հետ իրեն այդ կոնյակի պարբերաբար մատակարարման հարցի շուրջ:

«Ներկայում երկիրն արտադրում է շուրջ 20 մլն լիտր կոնյակ՝ մոտավորապես 5.7 մլն գալլոն, որի 90 տոկոսն արտահանվում է: Հայկական կոնյակի արտադրությունն ունի մի քանի հետաքրքիր հատկանիշներ: Նախ, այդ արտադրության մեջ օգտագործվում են խաղողի միայն տեղական սորտեր: Հայաստանում հաշվվում է խաղողի ավելի քան 200 տեղական սորտ, որոնց մեծ մասը շատ հին են: Օրենքով սահմանված են խաղողի այն տեսակները, որոնք կարող են օգտագործվել կոնյակի արտադրության համար, որոնց շարքում են Ոսկեհատը, Գառան դմակը, Մսխալին»,- գրում է հեղինակը՝ ընդգծելով, որ Արարատյան դաշտում աճող խաղողի լայն տեսականին օգտագործվում է նաև մրգային օղի պատրաստելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]