Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Ճարտարապետը բացահայտել է 6-7-րդ դարերի եկեղեցիների նախագծման օրինաչափությունները


ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետ Սարգիս Տեր-Գալուստյանն ուսումնասիրել է ինչպես Արևելյան Հայաստանի, այնպես էլ Արևմտյան Հայաստանի հին եկեղեցիները, գտել նախագծման ընդհանուր օրինաչափություն և ամփոփել «Երկրաչափական խորանարդը վաղ միջնադարի հայկական եկեղեցիների ճարտարապետական համաչափություններում» մենագրությունում: Թեև այդ մոդելն արդեն հնացած է, սակայն ճարտարապետը կցանկանար, որ 6-7-րդ դարերի եկեղեցիների կառուցման մոռացված այդ օրինաչափության որոշ դետալներ օգտագործվեին նաև նոր եկեղեցիներ կառուցելիս: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Սարգիս Տեր-Գալուստյանի հետ:

-Պարոն Տեր-Գալուստյան, երբվանի՞ց և ինչպե՞ս եք սկսել ուսումնասիրությունը:

-1988 թվականից, երբ դեռ առաջին կուրսի ուսանող էի, սկսել եմ զբաղվել հին հայկական եկեղեցիների ուսումնասիրությամբ: Սկզբնական շրջանում բոլոր ճարտարապետների նման փորձում էի ինչ-որ համաչափություններ գտնել եկեղեցիների հատակագծերում: Որոշակի դադարներով կատարված ուսումնասիրությանս արդյունքում կարողացա մի օրինաչափություն գտնել, որ հետագա զարգացում ունեցավ, և արդյունքում ստեղծվեց գիրքը: Սակայն այդպիսի հատուկ նպատակ չունեի: Առ այսօր անհայտ էր, թե ինչպես են եղել նախագծման հիմունքները՝ ինչպես են հաշվարկել, ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել 7-րդ դարի նախագծողները: Հիմնականում բացահայտել եմ դա: Գիրքը բացահայտում է, որին պետք է ծանոթանան մասնագետները: Սա նեղ մասնագիտական առումով կհետաքրքրի համաչափություններ և խորհրդանիշեր ուսումնասիրող մասնագետներին և նմանատիպ հուշարձաններ վերականգնողներին:

-Ո՞րն էր այն օրինաչափությունը, որ գտաք:

-Երկրաչափական խորանարդը քառակուսու տեսք ունի: Բոլոր չափումները դուրս են գալիս հենց այդ երկրաչափական քառակուսուց: Ես պայմանականորեն այն անվանել եմ փոքրացող քառակուսիների համակարգ: Մեծ քառակուսուց ստացվում է երկրորդը, երրորդը: Այն ոչ միայն հայկական, այլ նաև բոլոր եկեղեցիների հիմքն է: Այս մոդելն օգտագործվել է հին Եգիպտոսում նույնիսկ մինչ Վերածննդի ժամանակաշրջան, և մեծ տարածում է ունեցել աշխարհում որպես նախագծային ելակետ: Հայաստանը 6-7րդ դարերում էլ հետ չի մնացել ընդունված համաշխարհային այդ մոդելից: Մեր եկեղեցիները մյուսներից տարբերվում են միայն ոճային առումով, կառուցողական, հաշվարկների իմաստով բոլորը նույնն են: Հայկական ճարտարապետությունն արժևորվում է նրանով, որ մեր նախագծողները բացառապես այդ գիտությանը տիրապետող մարդիկ են եղել: Այն ժամանակ բոլորը հետևել են մեկ կուռ համակարգի, նույնիսկ մեկ շեղում չի եղել: Այդ համակարգը հայտնի է եղել նույնիսկ Գառնու տաճարը նախագծողներին: Այսինքն՝ թե հեթանոսության, թե քրիստոնեության շրջանում նույն օրինաչափությամբ էին կառուցվում: Գիտությունը նույնն էր: Գրքում ցույց են տրված ոչ միայն պրակտիկ հաշվարկները, այլ նաև բանաձևերի ստացման եղանակը: Յուրքանչյուր տեսության հատվածի վերջում օրինակ է բերված: Ես ցանկացել եմ ցույց տալ, որ հատակագիծը բավարար է, որ եկեղեցին «կարդացվի», կոդերը վեր հանվեն: Վերլուծել եմ, որ եթե պայմանական խնդիրներ լինեն, ինչպես պետք է լուծել, ինչ մոդուլային հաշվարկներ գտնել: Օրինակ՝ եթե ուզում ենք վեղարը բարձր լինի, հետևաբար հատակագծում ինչ-որ տվյալներ պետք է փոխվեն, որոնք թվերով պետք է համապատասխան լինեն բարձրությանը:

- Ընդհանուրը քանի՞ եկեղեցի եք ուսումնասիրել և դրանցից քանի՞սն են Արևմտյան Հայաստանում:

-Ներկայացրել եմ Կարմրավորի տիպի և խաչաձև կենտրոնագմբեթ 46 փոքր հուշարձաններ: Դրանցից 11-ը Արևմտյան Հայաստանի եկեղեցիներն են, որոնց մեծամասնությունը հիմա գոյություն չունի: Հայկական գյուղերում են եղել և, ցավոք, հիմնահատակ ավերվել, վերացել են: Ուսումնասիրածս եկեղեցիներից են Աշտարակի Սուրբ Աստվածածինը, Օշականի սուրբ Սիոնը, Թալինի Աստվածածինը, Շենիկի Սարգիսը, Առինջի Ձագավանքը, իսկ Արևմտյան Հայաստանից, օրինակ՝ Ծպնիի և Փենիկի եկեղեցիները, Ալամանի Սուրբ Անանիան, որը հիմնահատակ քանդել են 70-ականներին:

-Դժվար չէ՞ր աշխատել առանց Արևմտյան Հայաստանի եկեղեցիները տեսնելու:

-Դրանց մասին տեղեկատվություն եմ վերցրել որոշ գրքերից: Կան գործոններ, որոնք կիրառվել են հատակագծերում: Եթե բացահայտում ենք, որ այդ գործոնը երկու տարբեր հուշարձաններում նույն գործառույթն ունի, բնականաբար երրորդի մեջ էլ նույնը պետք է ունենա: Եվ, հետևաբար, պարտադիր չէր անձամբ տեսնել Արևմտյան Հայաստանի այդ եկեղեցիները:

-Հին հայկական եկեղեցիների կառուցման այդ օրինաչափությունը շա՞տ է տարբերվում ներկայիս եկեղեցիների նախագծման ընդունված ձևից:

-Այդ օրինաչափությունները հիմա ընդհանրապես չեն օգտագործում, մոռացված են: Կարիք էլ չկա այս համաչափություններով կառուցելու, քանի որ այս մոդելի հնարավորությունները բավականին սահմանափակ են: Դրանք չունեն երկաթբետոնի ճկունությունը և ազատ նախագծման հիմունքներ: Այդ եկեղեցիները կառուցելը նաև բավականին թանկ հաճույք է եղել ժամանակին: Սակայն ես կցանկանայի, որ ինչ-որ օրինաչափություններ օգտագործվեն նոր եկեղեցիների կառուցման մեջ: Դա կլինի ավանդական հին եկեղեցու կառուցման պահպանում:

-Ձեր ուսումնասիրածներից հատկապես ո՞ր եկեղեցին կառանձնացնեք:

-Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ելակետային ճակատի տվյալներին շատ մոտ է այն: Ունի բավականին իդեալական հատակագիծ:

-Որո՞նք կլինեն Ձեր հաջորդ աշխատանքները, մտադրություն չունե՞ք ուսումնասիրել նաև ոչ այնքան վաղ ժամանակներում կառուցված հայկական եկեղեցիները:

-Ներկայում 52 միանավ բազիլիկներ կան Արևելյան Հայաստանի և Արևմտյան Հայաստանի տարածքում: Դրանց չափագրությունները հավաքագրել և կեսը վերանախագծել եմ: Վերջացնելուց հետո կմնա լուսանկարահանել, սրահի քառակուսու տվյալները չափագրել և գրանցել գրքում: Դա կլինի իմ երկրորդ աշխատանքը: Երբ Բեյրութում էի՝ 62 հայկական վանքային համալիրներ, եկեղեցիներ, քաղաքային աղոթատեղիներ եմ ուսումնասիրել և չափագրել: Դրանց ժամանակագրությունն ու կառուցման բացատրությունը կներկայացնեմ իմ երրորդ գրքում: Վերջին ժամանակներում կառուցված եկեղեցիներում մեկ օրինաչափություն չկա, հիմնականում ճարտարապետի սուբյեկտիվ մոտեցմամբ են կառուցվում: Հետևաբար, դրանք չեմ կարող ուսումնասիրել:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ