Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իմ երգերով կարող եմ ուրախություն կամ մխիթարանք բերել տարբեր մարդկանց. Երևանում կկայանա Թամարա Գվերդծիթելիի «Վերադարձ» համերգային երեկոն

Իմ երգերով կարող եմ ուրախություն կամ մխիթարանք բերել տարբեր մարդկանց. Երևանում կկայանա Թամարա Գվերդծիթելիի «Վերադարձ» համերգային երեկոն

ԵՐԵՎԱՆ, 12, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերդծիթելիի «Վերադարձ» խորագրով համերգային ծրագրում երաժշտասերները  հնարավորություն կունենան վայելել երգչուհու կատարումները կենդանի հնչողությամբ՝ իր նվագախմբի նվագակցությամբ:

Յուրօրինակ երեկոն տեղի կունենա ապրիլի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Երջանիկ ենք, որ Երևանում ենք: Այս համերգին մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում: Անհանգստությունը մեծ է. ես և երաժիշտներն անհամբերությամբ ենք սպասում փորձին և մեր լսարանի հետ հանդիպմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 12-ին լրագրողների հետ ունեցած զրույցում նշեց երգչուհին:

Համերգային ծրագրում կհնչեն հեղինակային երգեր, ինչպես նաև հայկական, ռուսական, վրացական, ֆրանսիական երգեր:

Համերգային ծրագիրը ներկայացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակույթային հիմնադրամը՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հիշելով իր ծանոթությունը կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ` Գվերդծիթելին ասաց, որ իր համար այդ հանդիպումը մեծ բախտավորություն էր:

Նրա խոսքով` իր պրոդյուսերը որոշել է երգչուհու տեսաերիզն ուղարկել Ֆրանսիա:  Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր ստեղծագործողներ են իրենց գործերն ու կատարումներն ուղարկել Եվրոպա, բայց Թամարա Գվերդծիթելիին բախտը ժպտացել է,  և նրա տեսաերիզը հայտնվել է Միշել Լեգրանի ձեռքում: «Նա է ինձ հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել: Ծանոթացանք Փարիզում, զրուցեցինք, տարբեր ստեղծագործություններ փորձեցինք: Միշել Լեգրանն իմ հանդեպ բարյացակամ էր և ջերմ: Եթե աշխարհում նման մարդիկ չլինեին, երաժշտական մի շարք ուղղություններ պարզապես գոյություն չէին ունենա»,-ընդգծեց երգչուհին:

Խոսելով Առնո Բաբաջանյանի մասին, ում երգերը երգչուհին կատարում է գրեթե  բոլոր համերգներին, նա շեշտեց, որ Բաբաջանյանը հանճարեղ կոմպոզիտոր էր, հրաշալի դաշնակահար` օժտված տիեզերական տաղանդով: «Նա ինձ համար գրեց «Ներիր ինձ»  երգը, և ես երջանիկ եմ, որ աշխարհի այս կամ այն ծայրում այն հնչեցնելով՝ ասես կապ եմ հաստատում կոմպոզիտորի հետ: Այդ ստեղծագործության առաջին նոտաները, առաջին տողերը երջանկացնում են երաժշտասերներին»,-խոստովանեց Գվերդծիթելին:

Երգչուհին երաժշտարվեստում իր այցեքարտն է համարում «Виват, король!», «Мамины глаза» երգերը:

«Վերոնշյալ ստեղծագործություններն ինձ մեծ ճանաչում բերեցին Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում:  «Виват, король!»-ը գրվել է մեկ գիշերվա ընթացքում: Այն խորհրդային հայտնի ֆուտբոլիստ Օլեգ Բլոխինի հրաժեշտի խաղին կատարելու համար էր նախատեսված: Ոչ ոք չէր կարծում, որ այդ երգը նման ժողովրդականություն կվայելի և պահանջված կլինի մինչ օրս: Եթե անգամ նախատեսված չի լինում այս կամ այն համերգին կատարել այն, երկրպագուները պահանջում են, և ես երգում եմ»,-պատմեց երգչուհին:

Չնայած նա երգում է տարբեր լեզուներով` նշեց, որ երաժշտությանը սեր կխոստովաներ վրացերենով, ռուսերենով և ֆրանսերենով:

Երգչուհին շեշտեց, որ միշտ երգել է և երբեք այլ գործով չի զբաղվել: «Ես դեռ մանուկ էի, երբ մայրս հասկացավ, որ երաժշտական շնորհ ունեմ: Իսկ հետո հասկացավ, որ իսկական արտիստուհի եմ… Իմ օրը սկսվում և ավարտվում է երաժշտությամբ: Իմ երգերով կարող եմ ուրախություն կամ մխիթարանք պարգևել տարբեր մարդկանց: Կարևոր է, որ երաժիշտը հասկանա՝ ինքը լավ բան է անում հանրության համար»,-եզրափակեց Գվերդծիթելին:

 Թամարա Գվերդծիթելիի հրաշալի և հզոր ձայնը, ինչպես նաև երգացանկը (վրացական, ռուսական, հայկական, ֆրանսիական և այլն) ընդունվել և սիրվել է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհին հատուկ կարևորություն է տալիս հենց համերգային գործունեությանը, և նրա համերգները միշտ առանձնանում են իմպրովիզացիոն հզոր հնարքներով:

Թամարա Գվերդծիթելին 1987 թվականից ի վեր  տարբեր մրցանակաբաշխություններում և մրցույթներում հանդես է եկել որպես ժյուրիի անդամ։ 1991 թվականին նա հրավիրվում է Փարիզ, որտեղ ծանոթանում է կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Թամարա Գվերդծիթելին ելույթ է ունեցել նաև Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում: Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգային հանդիպումները շարունակվում են նաև հետագայում: 2006 թվականին Միշել Լեգրանը և Թամարա Գվերդծիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում ՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley երգերի կատարումներով: Թամարա Գվերդծիթելին կատարում է երգեր ավելի քան տասը լեզվով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նա երգացանկում մշտական տեղ ունեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]