Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Հնագետները պեղումներ կիրականացնեն Տիգրանակերտի ժայռափոր ջրանցքի տարածքում


ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տիգրանակերտում Արցախի հնագիտական արշավախումբն այս տարի պեղումներ կիրականացնի ժայռափոր ջրանցքի տարածքում, կշարունակվեն նաև անտիկ դամբարանադաշտի պեղումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ ջրանցքի պատերի վրա պահպանվել են 9-11-րդ դարերի խաչապատկերներ: «Ջրանցքի տարածքում դեռ 2006 թվականին են պեղումներ իրականացվել, սակայն դրանք պետք է շարունակվեն, քանի որ այդ ժայռափոր կառույցները մեծ ուշադրության են արժանի: Անտիկ դամբարանադաշտում ևս ծրագրվում է մեծ ծավալով պեղումներ իրականացնել, եթե ստացվի մասնավորի միջոցներով»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանի խոսքով` Տիգրանակերտում պեղումները կմեկնարկեն հուլիսի կեսերին եւ կշարունակվեն մինչև հոկտեմբեր: «Տիգրանակերտը Արցախի միակ հուշարձանն է, որը պետական ֆինանսավորում է ստանում: Այս տարի պեղումների համար հատկացվել է 10 միլիոն դրամ, ինչը բավարար չէ »,-ասաց նա;

Համլետ Պետրոսյանը նշեց, որ Տիգրանակերտի տարածքը 70 հա է, որից միայն  3-4 հա-ն է պեղվել: «Արդյունքում մենք կրիայի քայլերով ենք քաղաքը բացում: Հյուսիսային պարսպապատը, որը տարածաշրջանում ունիկալ է, մենք չենք կարողանում ավարտել, պատի 25 մետր ենք բացել անցած տարի»,-նշեց նա:

Արցախի հնագիտական արշավախումբը 2005 թվականին ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006-2008 թթ. պեղումներ է իրականացրել քաղաքի եւ նրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւանքով երեւան են հանվել միջնաբերդի կառույցները, ամրացված թաղամասի պարիսպները, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին: Հետախուզական պեղումներ են կատարվել նաեւ ամրացված թաղամասի ու կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, դրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչեն գետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ