Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հոլոքոստի մասին «Խոստացա, ես կպատմեմ» գրքի հայերեն հրատարակությունը հանձնվեց ընթերցողների դատին

Հոլոքոստի մասին «Խոստացա, ես կպատմեմ» գրքի հայերեն հրատարակությունը 
հանձնվեց ընթերցողների դատին

ԵՐԵՎԱՆ, 10, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոնյա Շրայբեր Վայցի «Խոստացա, ես կպատմեմ» հուշագրությունը ցնցող պատկերներով նկարագրում է ֆաշիստների ռասայական խտրականություններն ու գազանությունները: Հուշագրության հայերեն հրատարակության շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 10-ին «Զանգակ» գրատանը:

«Գիրքն ընթերցել եմ 2015 թվականին Հարվարդի համալսարանի գրադարանում և միանգամից տարվել դրանով: Հետագայում գնեցի այն և, գտնելով Սոնյայի բարեկամներին, խնդրեցի հուշագրությունը թարգմանելու իրավունք տալ: Շատ շնորհակալ եմ «Զանգակ» հրատարակչությանը, որն անվճար հրատարակեց այս հետաքրքրաշարժ գործը`  ինձ գրքի բազմաթիվ օրինակներ տրամադրելով: Մի քանի օրից դրանցից 20-ը տանելու եմ Բոստոն, որպեսզի հանձնեմ Հոլոքոստի կենտրոնին, մի քանի օրինակ էլ կտրամադրեմ հեղինակի աղջիկներին և որդուն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց գրքի թարգմանիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:

Նա խոստովանեց, որ իրեն ցնցել է գրքի առաջաբանը, որում ասվում է, որ եթե ժամանակին հայկական ջարդերը միջազգայնորեն դատապարտվեին, չէր լինի Հոլոքոստը:

«Գրքում չկա չարություն, կա լույս, ապրելու մեծ մղում: Սոնյան հուշագրությունը գրել է, որպեսզի հրեա ժողովրդի սերունդները մշտապես հիշեն Հոլոքոստի մասին և այլևս թույլ չտան դրա կրկնությունը: Այս գործում  շատ են ուսուցողական դասերը, և ես այն թարգմանել եմ մեր երիտասարդության համար»,-ընդգծեց Դոլուխանյանը:

Ակադեմիկոս Յուրի Սուվարյանի խոսքով` «Խոստացա, ես կպատմեմ» գիրքը խոսում է այն մասին, որ մարդիկ շարունակում են չար մնալ մինչ օրս: «Անգամ այսօր կոտորում են իրար: Այս հուշագրությունը գեղարվեստորեն դատապարտում է  չարությունը և դաժանությունը»,-շեշտեց նա:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ`  հրեաները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ  մտածում է միջազգային ատյաններում իր խնդիրը բարձրաձայնելու մասին:

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանն ասաց, որ Աելիտա Դոլուխանյանը 30-ից ավելի գիրք է հրատարակել, որոնցից 15-ը` «Զանգակ»-ը: «Շատ ուրախ եմ, որ այդ գրքերի մեծ մասը ուսումնական ձեռնարկներ են և ուղղված են ուսանողներին: Դրանց մի մասը պարբերաբար վերահրատարակվում է: Դա խոսում է այն մասին, որ Դոլուխանյանի գրքերը պահանջված են»,-եզրափակեց նա:

 «Խոստացա, ես կպատմեմ» հուշագրության հեղինակը՝ Սոնյա Վայցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տառապել է Կրակովի գետտոյում (առանձնաթաղում) և 5 համակենտրոնացման ճամբարներում, որտեղ հրեաներին բնաջնջում էին: Սոնյայի 84 հոգուց բաղկացած ընտանիքից վերապրել են միայն ինքն ու քույրը՝ Բլանկան:

 Գրքում ներառվել են այդ իրադարձություններին վերաբերող Սոնյայի բանաստեղծությունները: Հուշապատումը միաժամանակ լի է հավատով, թե մարդկությունն ի վերջո կդառնա իմաստուն, և այլևս չեն լինի բռնություններ և ցեղասպանություններ, ինչպիսիք էին Հոլոքոստը, 1915 թվականի հայերի և վերջին՝ Կամբոջայի ցեղասպանությունները: 

Գիրքը հանձնարարվում է ընթերցող լայն լսարանին և առաջին հերթին երիտասարդությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]