Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մասնագետներն առողջության պահպանման գործում մեծապես կարևորում են ոչ միայն բժիշկների, այլ նաև պացիենտների աշխատանքը

Մասնագետներն առողջության պահպանման գործում մեծապես կարևորում են ոչ միայն 
բժիշկների, այլ նաև պացիենտների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր մարդ մեծ լումա ունի թե իր, թե շրջապատի առողջության պահպանման գործում: Այն ոչ միայն համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների, այլ նաև մարդկանց աշխատանք է պահանջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային օրվան ապրիլի 7-ին նվիրված ասուլիսում նման կարծիք հայտնեցին մասնագետները:

«Առողջապահության համաշխարհային օրվա հիմքում ամեն տարի մի իմաստ է դրվում: Եվ այն փորձում են տարվա ընթացքում առաջ տանել աշխարհով մեկ: Այս տարվա կարգախոսն է «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ապահովում. բոլորին, ամենուր»: Երկրագնդի բնակչության մոտ կեսը դեռ զրկված է լիարժեք առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից: Հայաստանում այդ խնդիրը նույնպես առկա է: Առողջապահական ծառայությունները չպետք է դառնան այնպիսի ֆինանսական բեռ, որ մարդն աղքատանա: Տարեկան մոտ 100 մլն մարդ աղքատանում է առողջապահական ծախսերի պատճառով»,-ասաց հանրային առողջության մասնագետ Արսեն Թորոսյանը:

Նրա կարծիքով՝ պետք է ապահովված լինի նաև առողջապահական ծառայությունների աշխարհագրական հասանելիությունը: Կան երկրներ, որտեղ բժիշկները շատ քիչ են:

Սրտաբան Տիգրան Աստվածատրյանը նշեց, որ յուրաքանչյուրն իր և շրջապատի առողջության պահպանման մեջ մեծ լումա ունի: Անհրաժեշտ է հետևել բժիշկների՝ առողջ ապրելակերպ վարելու, առողջ սննդի, ֆիզիկական ակտիվությանը հետևելու խորհուրդներին: «Ցավոք, այսօր շատ քիչ մարդիկ են կատարում դրանք: Խնդիրը ոչ միայն առողջապահության կազմակերպիչներինը, այլ նաև մարդկանցն է: Նրանք պետք է կատարեն այն, ինչ օգտակար է իրենց առողջությանը»,-ասաց նա:

Որպես սրտաբան փաստեց՝ թե ծխելու, թե ավելորդ քաշի և ֆիզիկական ակտիվության սահմանափակման դեմ պայքարը շատ դժվար է: Սակայն նկատեց նաև, որ վերջին տարիներին թե նախարարության, թե այլ կառույցների կողմից մեծ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի կարծիքով ևս առողջապահական կազմակերպությունները պետք է հատուկ աշխատանք կատարեն, որպեսզի ոգևորեն մարդկանց՝ ունենալու այդ ձգտումը: «Բժշկին այցելելուց զատ հիվանդը պարտավոր է կատարել նրա ցուցումները: Պետք է լինի մոտիվացում, որ անձը ցանկանա հետևել իրեն: Անհրաժեշտ է նաև ավելի շատ ներկայացնել այն երկրները, որտեղ առողջության ավելի բարձր մակարդակ ունի»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]