1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 5/1. «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ», «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքերն ամենավաճառվածներից են

Երևանյան բեսթսելեր 5/1. «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ», «Երկնքից երեք խնձոր 
ընկավ» գրքերն ամենավաճառվածներից են

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայկական է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նա այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղն է զբաղեցրել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», յոթ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երրորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը բնագրից թարգմանել է Աննա Մարությանը, խմբագրել՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների աղյուսակ է վերադարձել և չորրորդ տեղը գրավել Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներ, մտորումներ, բանաստեղծություններ, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է։

Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքը հինգերորդն է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ Խմբագրել է Արմինե Բոյաջյանը:

Վեցերորդ հորիզոնականում Մարկ Արենի «Վիլ-Էվրար» ստեղծագործությունն է: Ռուս հանճարեղ շախմատիստ Ալյոխինը լքում է Ռուսաստանը, Մյունխենի Կրոնե կրկեսում հավաքվում են տխրահռչակ բազմահազար դահիճները, նորաձևության ապագա թագուհին՝ տիկին Կոկոն, ասպարեզ է հանում Շանել N:5-ը, հոգեբուժության պրոֆեսոր Ֆոսթերը, ով ներշնչել էր Հիտլերին նրա գերմարդ լինելու միտքը և դրանով ոչնչացման դատապարտել իր միլիոնավոր հրեա ազգակիցներին, փրկում է մահապատժից հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, աշխարհահռչակ Սեն-Սանսը ելույթ է ունենում Փարիզում իր վերջին համերգով: Եվ հենց այդտեղ՝ Փարիզում, Վիլ-Էվրար բուժարանում, անքուն գիշերներ է լուսացնում նրա վաղեմի ընկեր Կոմիտասը: Այստեղ բացահայտվում է, որ նրա երաժշտությունը, գեղագիտական բարձր հատկանիշներից բացի, ունի նաև ամենաուղիղ իմաստով հոգի բժշկելու հատկություն:  Ժամանակակից հայկական երաժշտության հիմնադրի կյանքի ուղու տվյալ հատվածը ծածկված է թանձր մշուշով, ուստի չկա ապացույց, որ այս պատմությունը ճշմարիտ չէ: Գրքի թարգմանիչն է Հովհաննես Այվազյանը:

«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն կրկին մեր ցանկում է և գրավել է յոթերորդ տեղը: Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում: Թարգմանել է Վանուհի Բաղմանյանը:

Ութերորդ տեղում է Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր»-ը: Այն պատմություն է սովորական երկրի մասին, որտեղ բոլոր կարևոր հարցերը որոշվում են շոգեբաղնիքում: Նարեի սովորական կյանքի, Ժանեթի սովորական ողբերգության, հացադուլ անող Սայլակավորի և սովորական մեկի՝ «վերևների» կարգադրությամբ աշխատանքից հեռացված ժուռնալիստ Ավոյի մասին է այս գիրքը:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը իններորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: Այն պատմություն է բարձր սարերում ծվարած մի գյուղի և նրա փոքրաթիվ բնակիչների մասին, որոնցից յուրաքանչյուրը մի քիչ խենթ է, մի քիչ փնթփնթան, և որոնցից յուրաքանչյուրի հոգում իրական գանձեր են թաքնված: Ռուսերենից թարգմանել է Նաիրա Խաչատրյանը, խմբագրել՝ Հայարփի Խաչատրյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 24
2 +5

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 21
3 +7

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 19
4 *

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

Հեղինակային հրատ. 16
5 *

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

Ասողիկ 14
6 *

Մարկ Արեն

«Վիլ-Էվրար»

Բուկինիստ 13
7 *

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Հաղթական կամար»

Էդիթ Պրինտ 13
8 *

Էդգար Կոստանդյան

«Սովորական երկիր»

Հեղինակային հրատ. 13
9 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 13
10 -1

Նարինե Աբգարյան

«Երկնքից երեք խնձոր ընկավ»

Օրակուլ 8

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]