Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ներքին Գետաշենում կուսումնասիրվեն եւ կանձնագրավորվեն բոլոր նորահայտ հուշարձանները

Ներքին Գետաշենում կուսումնասիրվեն եւ կանձնագրավորվեն բոլոր նորահայտ 
հուշարձանները

ԳԱՎԱՌ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված բոլոր նորահայտ հուշարձանները՝ խաչքարեր, խաչքարերի բեկորներ եւ ժայռաքանդակ խաչեր, թվով 227 հատ, առաջիկայում կենթարկվեն գիտական ուսումնասիրության, կանձնագրավորվեն եւ կտեղադրվեն իրենց պատմական միջավայրերին համապատասխանող վայրերում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, նախարարությունը պատրաստակամ է գիտական ուսումնասիրության ենթարկելու եւ անձնագրավորելու բոլոր նորահայտ հուշարձանները, վերծանելու բոլոր վիմագիր արձանագրությունները, նախագծի փոփոխությունից հետո գիտական խորհրդի կողմից նոր նախագիծ -նախահաշիվը հաստատելու, որպեսզի վերսկսվի եկեղեցու շինարարությունը: Գործակալության պետ Արմեն Աբրոյանը եւ հուշարձանների պահպանության եւ օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը նորահայտ հուշարձաններին ծանոթանալու եւ նրանց հետագա ճակատագիրը տնօրինելու համար աշխատանքային այց էին կատարել Ներքին Գետաշեն, որտեղ եւ ներկայացրին իրենց դիտարկումները եկեղեցու վերականգնման աշխատանքների վերսկսման, նորահայտ հուշարձանների ուսումնասիրման, անձնագրավորման եւ տեղադրման շուրջ: «Մեր առաջնահերթ խնդիրն է՝ հնարավորինս անաղարտորեն պահպանել պատմական միջավայրը: Պետք է այնպես նախագիծ-նախահաշիվը վերահաստատվի, որ ե՛ւ եկեղեցու պատմական տեսքը պահպանվի, ե՛ւ տեղում երեւան ժայռաքանդակ խաչերը: Կարծում եմ, հարցը հնարավոր կլինի լուծել՝ պատի մեջ համաչափ կամարաձեւ բացվածք թողնելով: Գիտական ուսումնասիրություն կատարելուց հետո խաչքարերը կամ խաչքարերի բեկորները գիտական ստույգ հիմնավորման դեպքում կարող են տեղադրվել այն տարածքներում, որտեղից ժամանակին բերվել եւ օգտագործվել են շինարարության համար: Իսկ մնացած հուշարձանները, որոնց նախկին վայրը հնարավոր չի լինի որոշել, կտեղադրվեն եկեղեցու շրջակայքում՝ պահպանության եւ ցուցադրության համար»,- հավաստեց Արմեն Աբրոյանը: Գործակալության պետը հավելեց, որ, չնայած նորահայտ հուշարձանների նման առատությանը, սպասվող գիտահետազոտական աշխատանքների մեծ ծավալին, գործընթացը կկազմակերպվի առանց խոչընդոտների, սեղմ ժամկետներում: «Անառարկելի է, որ նորահայտ այս հուշարձանները հսկայական նյութ կարող են պարունակել ոչ միայն պատմական Կոթ քաղաքի եւ նրա հարակից բնակավայրերի, այլ նաեւ Միջնադարյան Հայաստանի պատմության համար: Դրանց ուսումնասիրումը, վերծանումը, անձնագրավորումը շատ ժամանակ ու ջանքեր են պահանջելու, բայց այդ գործընթացը մեր կողմից կարվի մինչեւ ավարտ: Ի դեպ, մենք Հայաստանի Հանրապետությունում տարեկան պլանավորում ենք առավելագույնը մոտ 290 նորահայտ հուշարձանի ուսումնասիրում եւ անձնագրավորում, մինչդեռ գրեթե նույնքան նորահայտ հուշարձանի հետ արդեն այստեղ գործ ունենք: Ինչեւէ, նման հոգեւոր հարստության բացահայտումը, պատմական կարեւոր արժեքների հայտնաբերումը, ցուցադրումն ու պահպանումը շատ ավելի առաջնահերթ ու կարեւոր են, որքան էլ սուղ լինեն միջոցները: Ի դեպ, այստեղ պահպանված կամ նորահայտ հուշարձանները, որքան էլ բազմազան, մի քանի հարյուրների հասնող, բացառապես չեն կրկնում միմյանց. յուրաքանչյուր հուշարձան առանձնահատուկ է իր ոճի ու մտահղացման մեջ: Այս հարուստ մշակութային ժառանգությունը հարկ է սրբորեն պահպանել, նաեւ ներկայացնել համաշխարհային հանրությանը»,-շեշտեց Արմեն Աբրոյանը:
ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների պահպանության եւ օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանի նախնական դիտարկմամբ՝ նորահայտ հուշարձանները թվագրվում են մեր թվարկության 10-16-րդ դարերով: «Հայտնաբերված հուշարձանները կերտվել են տարբեր դարերում: Ժայռաքանդակ խաչքարերն իրենց ոճով նման են 13-14-րդ դարի ոճական մշակումներին, իսկ խաչքարերի արձանագրություններից եւ զարդամոտիվային քանդակների ոճից եզրակացնում ենք, որ դրանք պատրաստվել են 10-16-րդ դարերի ընթացքում: Այն ենթադրությունը, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 19-րդ դարի երկրորդ կեսից հետո կարող էր բարձրացած լինել մշակութային ավելի հին շերտի վրա, առայժմ չի հաստատվում, թեեւ ոչինչ չի բացառվում՝ մինչեւ որ համապատասխան ուսումնասիրություն չկատարվի: Այսքան բազմաքանակ խաչքարերը եկեղեցու պատի մեջ հայտնվել են շինարարության ընթացքում, որոնք բերվել են կամ Կոթավանքից, կամ նրա հարավարեւելյան եզրում գտնվող պատմական գերեզմանոցից, կամ պատմական Կոթ քաղաքի այլ հնավայրերից: Դրանք կուսումնասիրվեն մեկառմեկ, հիմնավորումների դեպքում կտեղափոխվեն իրենց պատմական համապատասխան տեղեր, իսկ մնացած հուշարձանները կտեղադրվեն վերականգնվող եկեղեցու շրջակայքում հարմարեցված տեղերում՝ ցուցադրության եւ պահպանության համար: Նպատակահարմար չենք գտել, որ եկեղեցու պատերի մեջ շարված խաչքարերը կամ բեկորները նորից վերաշարվեն, քանի որ այդ կարեւորագույն արժեքները ոչ թե պատերի մեջ պետք է լինեն, այլ ցուցադրության համար ավելի տեսանելի տեղում: Վերծանված վիմագիր արձանագրությունները, պատմահնագիտական ուսումնասիրությունների բոլոր արդյունքները կհրապարակվեն»,-նշեց Սուրեն Շաքարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]