Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հռոմի պապը գլուխ խոնարհեց Նարեկացու արձանի առաջ. Վատիկանում հնչեցվեց Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների աղոթքը

Հռոմի պապը գլուխ խոնարհեց Նարեկացու արձանի առաջ. Վատիկանում հնչեցվեց 
Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների աղոթքը

ՎԱՏԻԿԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվեց հայ բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը: Արարողությունը նշանավորվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու արձանի օծմամբ: Բացումը կատարեց Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: 

Օծման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, բազմաթիվ հյուրեր: Ինչպես Վատիկանից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, արձանի օծման արարողություններից հետո Առ Աստված աղոթք հղեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիսավոր արարողության ավարտին գլուխ խոնարհեց արձանի առաջ:

Վատիկանի սրտում բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակվելուց 3 տարի անց՝ կրկին ապրիլին:

Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացումը խորհրդանշում է Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը, որոնք էլ ավելի են ամրապնդվել 2016 թվականին Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան՝ առաջին քրիստոնյա ժողովրդին այցելելու ժամանակ:

2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին էր նվիրել Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Հռոմի Պապը հավանել էր արձանն ու շնորհակալություն հայտնել նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։ Այսպիսով, արվեստի միջոցով մի ուղերձ է փոխանցվում, որն ի զորու է սերտացնել հարաբերությունները քույր եկեղեցիների միջև։

Գրիգոր Նարեկացու մասին

Գրիգոր Նարեկացին եղել է միստիկ բանաստեղծ, հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա և սուրբ (951-1010): Նա հայոց պատմության առանցքային, գրեթե հերոսական դեմքերից է համարվում, քանի որ կերտել է արևելյան քրիստոնեական մտքի հիմնասյուները։ Որոշ առումներով, մտավոր տեսանկյունից նրան կարելի է համեմատել Դանթե Ալիգիերիի հետ և այս պատճառով գիտնականները նրան համարում են բացառիկ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։

2015 թվականի ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս Պապը առաքելական հռչակագրով նրան շնորհեց Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոսը, ինչի մասին հայտարարվեց նույն օրը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող հատուկ պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, ինչպես նաև Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ներսէս Պետրոս ժԹ Կաթողիկոսի ներկայությամբ։

Եկեղեցու վարդապետի տիտղոսը Գրիգոր Նարեկացուն շնորհվեց՝ հաշվի առնելով նրա նշանակալի վարդապետությունն ու սրբի կյանքը։

Կաթոլիկ եկեղեցին նրա հիշատակին տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ին։

Գրիգոր Նարեկացին փոքրուց հարուստ ուսում էր ստացել հոգևորական վարդապետ Անանիայից, որի շնորհիվ ծանոթացել էր հույն և արևելցի սուրբ հայրերի նշանավոր ստեղծագործություններին, և կարողացել ամենօրյա աղոթքը սնել սուրբ գրերի ոգով։ Նա իր կյանքն անց է կացրել ուսման, աղոթքի, այլոց կրթելու գործի մեջ՝ խորհրդածելով բնության մասին։ Իր ուսումնասիրությունների արդյունքում ստացած ավանդական գիտելիքը նա վերաշարադրեց քրիստոնեության պատմության մեջ նշանավորված բանաստեղծական վեհ լեզվով։

Մահից հետո Սուրբ Գրիգոր Նարեկացու մարմինն ամփոփվեց Նարեկա վանքում, որտեղ նա ապրել էր և որն իսկույն դարձավ սրբավայր՝ ի ճանաչումն նրա սուրբ կյանքի և հարուստ հոգևոր ժառանգության։

Գրիգոր Նարեկացու ամենանշանավոր աշխատությունը Մատյան Ողբերգությանն է, բանաստեղծության տեսքով գրված 95 աղոթքների հավաքածուն, որը բոլոր ժամանակների պոեզիայի և միստիկ գրերի մեծագույն գլուխգործոցներից մեկն է։ Գիրքը պատմում է հոգևոր ճանապարհորդության մասին, որի կենտրոնում մարդու հոգին է՝ իր վախերով, բարձր ձգտումներով և Աստծո հավատի քաղցով։ Դա մի վեհ բանաստեղծություն է, որը, ողբ լինելով հանդերձ, ի զորու է շահել Աստծո ողորմածությունը։ Այն ոչ թե լաց է, այլ խթան, որը հոգուն ճախրելու թևեր է տալիս։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]