Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիգեն Չալդրանյանի նախաձեռնությամբ Համազգային թատրոնում կբեմադրվի «Ձայն լռության» ներկայացումը

Վիգեն Չալդրանյանի նախաձեռնությամբ Համազգային թատրոնում կբեմադրվի «Ձայն 
լռության» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում օրերս իր հաջող մեկնարկն ունեցավ «Սանտա Կրուս» հետաքրքրաշարժ ներկայացումը: Հեռանկարում նախատեսվում են այլ բեմադրությունների առաջնախաղեր: Նոր ներկայացումների, ինչպես նաև մոտ ապագայում նկարահանվող ֆիլմերի ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թատրոնի և կինոյի ռեժիսոր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հետ:

«Երկու ամիս հետո կիրականացնենք հաջորդ պրեմիերան: «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» պիեսի հիման վրա կբեմադրվի «Ձայն լռության» ներկայացումը: Պիեսի հեղինակը ես եմ, իսկ համահեղինակը` Գուրգեն Խանջյանը: Այդ գործը թատերասերներին հայտնի է, քանի որ շուրջ երեք տարի եղել է Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի խաղացանկում: Այն մշտապես լեփ-լեցուն դահլիճներում է անցել. ներգրավված էր հրաշալի դերասանական կազմ: Սակայն երեք տարի հետո ներկայացումը հանվեց խաղացանկից, և ես նկարահանեցի համանուն կինոնկարը»,-պատմեց Չալդրանյանը:

Համազգային թատրոնում նախատեսված ներկայացման բեմադրությունը Վիգեն Չալդրանյանը վստահել է դերասան և ռեժիսոր Դավիթ Հակոբյանին:  

«Երկու դերասանական կազմի հետ կաշխատենք` Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան և երիտասարդ դերասան Ստեփան Ղամբարյան ու առավել երիտասարդ  դերասանուհի Ժաննա Վելիցյան: Կարծում եմ, որ թատերասերն անպայման կցանկանա դիտել թե՛ մի, թե՛ մյուս կազմի խաղը»,-ասաց նա:

Անդրադառնալով կինոարվեստին, որից  Չալդրանյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, այնուհետև տնօրեն ընտրվելուց հետո որոշ չափով հեռացել է, ինչպես նաև իր հասցեին հնչող քննադատություններին` ռեժիսորն ասաց, որ իր ողջ ստեղծագործական կյանքում և՛ լավն է լսել, և՛ վատը: «Փառք Աստծո, միջինը չեմ լսել. սարսափելի է, երբ անտարբեր են: Բարեբախտաբար, իմ աշխատանքի հանդեպ երբեք անտարբեր չեն եղել: Ինձ կամ բարձրացրել են, կամ տապալել: Մի խոսքով՝ սառը և եռացրած ջրի արանքում է եղել իմ ողջ ստեղծագործական կյանքը»,- խոստովանեց նա:

Ռեժիսորի խոսքով` ինքը երբեք չի դադարում ծրագրեր կազմել և ներկայումս ունի սցենար, որի վրա աշխատում է: «Կարծես թե որոշ նախադրյալներ կան, և ես պատրաստվում եմ սկսել «Գրիգոր Նարեկացի» կինոնկարը: Շատ կարևոր մի գործ՝ «Վարդապետի լռությունը» ֆիլմից հետո: Դա իմ ուխտն է կինոյում՝ կինոեռապատում նկարահանելը: Հայ մշակութային Սուրբ Երրորդության մասին է խոսքը` Մեսրոպ Մաշտոց,  Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս: Ես վերջից եմ սկսել»,-ընդգծեց Չալդրանյանը:

Ռեժիսորը հույս հայտնեց իր ծրագրերը իրականացնել 2019 կամ 2020 թվականներին: «Ես շատ զբաղված եմ, բայց ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ երջանիկ է նա, ով իր սիրած գործով է զբաղվում, իսկ ես անչափ սիրում եմ իմ աշխատանքը, իմ մասնագիտությունը և իմ առաքելությունը»,-եզրափակեց Վիգեն Չալդրանյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]