Նախագահը շնորհավորել է Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
10:59, 2 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
«Հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ։ Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն խորացնել մեր բարեկամ երկրների միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը, հաստատել բարձր մակարդակի կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում