Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Համբուրգում բիսերով է ընդունվել

Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Համբուրգում բիսերով է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 30, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 28-ին Համբուրգի նշանավոր դահլիճներից մեկում՝ «Էլբ-ֆիլհարմոնիայում», հանդես է եկել համերգային ծրագրով, որի ընթացքում նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը կատարել են ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ շատ կարևոր է «Էլբ ֆիլհարմոնիայում», որը մեր օրերում աշխարհի ամենապահանջված և հայտնի դահլիճներից է, հնչեցնել հայկական ժամանակակից և դասական երաժշտությունը: «Հատուկ այդ համերգի համար Էդուարդ Հայրապետյանը գրեց Թավջութակի կոնցերտ: Հրաշալի է, որ օտար երկրում երաժշտասերները, ծանոթանալով մեր երաժշտարվեստին,  տեսնում են, որ Հայաստանն այդ ոլորտում հարուստ և յուրահատուկ ավանդույթներ ունի»,-ընդգծեց Սմբատյանը:

Նա շեշտեց, որ արտերկրում շատերն են ճանաչում Արամ Խաչատրյանի գործերը, սակայն նրա Երկրորդ սիմֆոնիան հաճախ չի հնչում. տարին մեկ կամ երկու անգամ:

«Համերգից մի քանի ամիս առաջ բոլոր տոմսերը վաճառվել էին, ելույթից հետո մեզ հոտնկայս ծափահարություններով ճանապարհեցին, երաժշտասերները մի քանի անգամ բիսերի էին հրավիրում մեզ»,-պատմեց դիրիժորը:

Նրա խոսքով` Գերմանիան երկիր է, որի բնակչությունը շատ լավ է զգում դասական երաժշտությունը, երկիր է, որի բնակիչները հասարակական վայրերում հաճախ խոսում են դասական երաժշտության, այս կամ այն կոմպոզիտորի գործերի մասին: Հետևաբար` նման միջավայրում հաջողության հասնելը մեծ ցուցանիշ է:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]